
«Ինձ մոտ եկե՛ք, ամե՛ն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առե՛ք Իմ լուծը և ինձանից սովորեցե՛ք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»: — Մատթեոս 11.28-30
Տիրոջ հետ քայլելու վաղ տարիներին ես շատ խանդավառված էի ու մեծ ցանկություն ունեի Նրան ծառայելու, այդ նպատակով ես գրանցվում էի այն ծառայությունների մեջ, որոնք թեկուզ հեռակա կարգով հետաքրքրում էին ինձ: Դրա արդյունքներից մեկը եղավ այն, որ արագ հայտնաբերեցի, թե ինչի համար էի ես օծված:
Իմ զբաղվածության պատճառով ես կանոնավոր կերպով ժամանակ չէի անցկացնում Աստծո հետ: Ես Աստծո համար լավ բաներ էի անում, սակայն ինչ-որ կերպ անտեսում էի Նրան այդ ամենում: Արդյունքում՝ հաճախ հուսախաբ էի լինում, որովհետև մարմնի գործեր էի անում:
«Մարմնի գործերը» այն բաներն են, որոնք մենք անում ենք առանց Աստծո զորության: Դրանք դժվար են, դրանք հյուծում են մեզ ու ոչ մի ուրախություն կամ բավարարվածություն չեն պարգևում: Դրանք հաճախ բարի բաներ են, բայց ոչ՝ «Աստծո բաներ»:
Մարդիկ կարող են բառացիորեն հյուծվել կրոնական գործունեությունից, երբ ջանք են թափում ծառայել Աստծուն իրենց սեփական ուժերով: Բայց Հիսուսը չմահացավ մեզ համար, որպեսզի մենք տրվենք անդադար գործունեությանը…Նա մահացավ, որպեսզի մենք Իր միջոցով մեկ լինենք Աստծո հետ, որպեսզի ունենանք խոր անձնական փոխհարաբերություններ Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո հետ:
Արդյո՞ք դու կարիք ունես այսօր հրաժարվելու մարմնի որոշ գործերից, որպեսզի իսկապես մեկ լինես Աստծո հետ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտակցում եմ, որ բարի գործեր անելը չի փոխարինում Քեզ ճշմարտապես ճանաչելուն: Օգնի՛ր ինձ գտնելու իմ հանգիստը Քեզանում, երբ մի կողմ դնեմ անօգուտ գործունեությունը՝ Քեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: