«[Աբրահամը] երկար սպասելով և համբերատար լինելով, գիտակցեց և հասավ [Իսահակի ծննդյան՝ որպես գալիք բաների գրավականի] խոստմունքին» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 6.15):
Աստված Աբրահամին ժառանգ խոստացավ, բայց նա ստիպված եղավ շատ ավելի երկար սպասել, քան կարող էր երբևէ պատկերացնել: Այսօրվա խոսքում ասվում է, որ Աբրահամը «երկար սպասեց և համբերատար եղավ»: Այդ ժամանակահատվածում, համոզված եմ, նա ստիպված էր կրկին ու կրկին իրեն հիշեցնել Աստծո խոստմունքը: Երբ ստիպված ենք լինում երկար սպասել, սկսում ենք կասկածել, որ երբևէ լսել ենք Աստծուց: Գուցե հենց հիմա սպասում ես ինչ-որ բանի և կարիք ունես ինքդ քեզ հիշեցնելու, թե ինչ է Աստված խոսել քո սրտի հետ:
Կասկածն ու անհավատությունն իսկապես հարձակվեցին Աբրահամի վրա, բայց նա գոհացավ և փառք տվեց Աստծուն: Երբ սատանան հարձակվում է, չպետք է լինենք պասիվ՝ ընդհանրապես ոչինչ չձեռնարկելով: Մենք պետք է պատերազմենք նրա և նրա ստերի դեմ՝ հիշեցնելով նրան Աստծո Խոսքը և մեզ տրված խոստումները: Բարձրաձայն ասա՛ դրանք, մտորի՛ր դրանց շուրջ և գրի՛ առ դրանք: Երբ Ամբակումը սպասում էր Աստծուն, նրան կարգադրվեց գրել տեսիլքը տախտակների վրա, որպեսզի յուրաքանչյուր անցորդ կարողանար կարդալ (տե՛ս Ամբակում 2.2): Հավանաբար սա գովազդային պաստառի հինկտակարանյան տարբերակն էր:
Պատերազմի՛ր հավատքի բարի պատերազմը և պի՛նդ պահիր քո դավանությունը: Նշանակություն չունի, թե ինչպես ես զգում հենց հիմա, մի՛ հանձնվիր, որովհետև Աստված հավատարիմ է, և ինչպես ճիշտ ժամանակին իրականացրեց Աբրահամին տված Իր խոստումը, այնպես էլ կիրականացնի այն, ինչ ասել է քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ զրուցում ես ընկերներիդ հետ, չափից շատ մի՛ խոսիր այն մասին, թե ինչպես ես զգում. ասա՛ նրանց, թե ինչ է գրված Աստծո Խոսքում: