«Որովհետև եթե մեկը համարում է, թե մի բան է և չէ, նա իր անձը խաբում է»: —Գաղատացիների 6.3
Աստվածաշունչը բազմիցս զգուշացնում է մեզ հպարտության դեմ: Եվ ես չեմ կարող բավականաչափ ընդգծել հպարտության վտանգը: Հասկանում եք, երբ մենք տրվում ենք հպարտությանը, թշնամուն հսկայական ազդեցության տեղ ենք տալիս մեր կյանքում:
Երբ մենք չափազանց բարձր ենք մտածում ինքներս մեր մասին, դա ստիպում է մեզ ուրիշներին ավելի պակաս գնահատել, մոռանալ Աստծուն և անտեսել այն ճշմարտությունը, որ մենք իրականում ոչինչ ենք առանց Աստծո:
Այսպիսի վերաբերմունքը կամ մտածելակերպը զզվելի է Տիրոջը: Մենք պետք է սուրբ վախ ունենանք հպարտությունից ու հիշենք, որ մենք յուրահատուկ և արժեքավոր ենք, որովհետև Աստված սիրում է մեզ ու ներել է մեզ, այլ ոչ թե այն պատճառով, որ մեր ուժերով կարող ենք մեծ բաներ իրականացնել:
Կարևոր է հասկանալ, որ երբ որևէ բնագավառում գերազանցում ենք, պատճառն այն է, որ Աստված տվել է մեզ շնորհքի պարգև դա անելու համար: Այն պահին, երբ կարծում ենք, թե հասել ենք մեծ բաների մեր ուժերի շնորհիվ, մենք ընկնում ենք հպարտության մեջ:
Հիշի՛ր, մենք պատկանում ենք Աստծուն: Մեր մասին չափազանցրած կարծիքներ ունենալու փոխարեն եկե՛ք կենտրոնանանք Աստծո մեծության և մեր հանդեպ Նրա սիրո վրա: Միայն Նրա շնորհքով է, որ կարող ենք հաջողություն ունենալ այն ամենում, ինչ Նա կանչել է մեզ անելու:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, իմ մեջ և իմ կյանքում ցանկացած լավ բան գալիս է Քեզանից: Այնպես որ ես խոնարհվում եմ Քո առջև ու ապաշխարում ցանկացած հպարտությունից, որից միգուցե կառչել եմ: Ես գիտեմ, որ երբ հաջողություն եմ ունենում ու գերազանցում ինչ-որ բանում, դա միմիայն Քո շնորհքի և բարության հաշվին է: