«Որովհետև ես գիտեմ այն մտքերը և ծրագրերը, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը, — բարեկեցության և խաղաղության, այլ ոչ թե չարության մտքեր ու ծրագրեր, որպեսզի տամ ձեզ հույս՝ վերջնական արդյունքում »: —Երեմիա 29.11, AMP
Ինքնախղճահարությունը կործանարար և բացասական զգացում է: Այն կուրացնում է մեզ մեր օրհնությունների և մեր առջև ընկած հնարավորությունների առաջ ու գողանում մեր հույսը թե՛ այսօրվա, թե՛ վաղվա համար: Մարդիկ, ովքեր իրենք իրենց խղճում են, հաճախ մտածում են. «Ինչո՞ւ պիտի ես ինչ-որ բան անեմ, միևնույն է, կձախողվեմ»:
Ինքնախղճահարությունն իրականում կռապաշտություն է, որովհետև այն ծայրահեղ աստիճանի եսակենտրոնացում է: Երբ մեզ թույլ ենք տալիս ընկնել ինքնախղճահարության մեջ, ըստ էության, մերժում ենք Աստծո սերը և ինչ-որ բան փոխելու Նրա կարողությունը:
Ես քաջալերում եմ քեզ քո կյանքից ևս մեկ օր չվատնել ինքնախղճահարության վրա: Երբ կորցնում ես հույսդ և սկսում ինքդ քեզ խղճալ, կա՛նգ առ և ասա՛. «Ես հրաժարվում եմ ինքս ինձ խղճալուց: Միգուցե հիմա կյանքի դժվար ժամանակաշրջանի մեջ եմ, սակայն ես չեմ դադարի հուսալ ավելի լավ բաների համար»:
Աստված ունի մտքեր և ծրագրեր քո բարօրության համար, որպեսզի տա քեզ հույս քո ապագայի համար: Եթե կառչես քո հույսից՝ հավատքդ կենտրոնացնելով Հիսուսի վրա, զարմանալի բաներ կկատարվեն քո կյանքում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես հրաժարվում եմ ինքս ինձ խղճալուց: Երբ դժվար իրավիճակներ լինեն, ես կհիշեմ, որ Դու ավելի մեծ ես, քան իմ խնդիրները, և Դու ունես լավ ապագա ինձ համար: Ես ուզում եմ, որ Քո ծրագրերն իրականանան իմ կյանքում, և ես վստահում եմ Քեզ: