«Ես՝ Ես եմ ձեզ մխիթարողը…» (ԵՍԱՅԻ 51.12):
Սուրբ Հոգու զանազան անունները նկարագրում են Նրա բնավորությունը և ծառայությունը մեր կյանքում: Նա կոչվում է մեր Ուսուցիչ, մեր Օգնական, մեր Բարեխոս, մեր Դատապաշտպան, մեզ Զորացնող և մեր Հենարան: Այս անունները հայտնում են, թե ինչ է Սուրբ Հոգին կամենում անել հավատացյալների համար: Այսօր ուզում եմ կենտրոնանալ Նրա՝ Մխիթարիչ լինելու վրա (տե՛ս Հովհաննես 14.16):
Տարիներ շարունակ ես պարբերաբար բարկանում էի ամուսնուս վրա, որովհետև նա չէր մխիթարում ինձ, երբ զգում էի դրա կարիքը: Համոզված եմ, որ նա փորձում էր անել դա, բայց այժմ հասկանում եմ, որ Աստվա՛ծ թույլ չէր տալիս Դեյվին մխիթարել ինձ, որովհետև, փոխարենը ես պետք է մխիթարություն փնտրեի Սուրբ Հոգուց. Նա կարող էր տալ ինձ այն մխիթարությունը, որի կարիքն ունեի, եթե միայն խնդրեի:
Աստված մարդկանց թույլ կտա օգնել մեզ միայն որոշ չափով, բայց ոչ ավելին: Նույնիսկ նրանք, ովքեր շատ մտերիմ են մեզ, չեն կարող մշտապես տալ այն, ինչի կարիքն ունենք: Երբ ակնկալում ենք, որ ուրիշները մեզ համար անեն այն, ինչ միայն Աստված կարող է անել, մեր սպասումները սխալ տեղ ենք ուղղում և մշտապես հիասթափվում ենք:
Աստծո մխիթարությունն առավել լավ է, քան որևէ մեկինը: Մարդը չի կարող տալ մեզ այն, ինչի կարիքն իսկապես ունենք, քանի դեռ Աստված չի նշանակել և չի օծել նրան՝ մեզ ծառայելու համար, ինչը Նա հաճախ անում է: Բայցևայնպես, Աստված է ճշմարիտ մխիթարության միակ աղբյուրը, և երբ մխիթարության կարիք ենք ունենում, պիտի գնանք Նրա մոտ և ընդունենք այն, քանի որ Նա պատրաստ է ամեն ժամանակ մխիթարել մեզ: Եթե այսօր ցավ ես զգում, քաջալերում եմ, որ Աստծուց աստվածային մխիթարություն խնդրես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փնտրի՛ր և ընդունի՛ր մխիթարություն Աստծուց: