«Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք… որ [ամբողջ էությամբ] լցվեք Աստծո ամեն լիությունով [ամբողջությամբ վերապրեք աստվածային ներկայությունը և դառնաք Աստծով լցված և հեղեղված անոթ]» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.17,19):
Հրաշալի է ամեն օր լցված լինել Աստծո ներկայությամբ և զորությամբ, և համաձայն այսօրվա խոսքի, դա Աստծո կամքն է մեզ համար: Աստծով լցված լինելը շատ ավելի լավ է, քան ինքներս մեզնով լցված լինելը: Եսասիրությամբ ապրելը թշվառություն է, բայց Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ համար նախատեսել է այլ ճանապարհ. ապրել Իր և ուրիշների համար:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսը մահացավ բոլորի համար, որ «կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ Նրա համար» (Բ Կորնթացիների 5.15): Հիսուսը մեզ համար ճանապարհ է հարթել խաղաղությամբ և ուրախությամբ լի կյանք ունենալու համար: Նա հնարավորություն է տվել մեզ սիրելու միմյանց, այլ ոչ թե ապրելու միայն մեր հաճույքների ու նպատակների համար:
Աստծո ներկայությամբ լցվելու համար հարկավոր է փնտրել Նրան, ուսումնասիրել Նրա Խոսքը և ձևավորել այնպիսի վարքագիծ, որը հնարավորություն կտա Նրան անարգել գործելու մեր կյանքում: Օրը ճիշտ սկսելու համար սկսի՛ր այն Աստծո Խոսքով և Նրա հետ հաղորդակցությամբ: Այս օրը նվեր է քեզ Աստծուց, այնպես որ՝ մի՛ վատնիր այն: Նա սպասում է, որ լցնի քեզ Իր ներկայությամբ, ուստի խնդրի՛ր և ընդունի՛ր, որ քո ուրախությունը կատարյալ լինի:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. լցվի՛ր Աստծով և թո՛ւյլ տուր, որ Նա քո միջոցով դիպչի ուրիշներին: