«Եթե Ինձ սիրում եք, Իմ պատվիրանները պահե՛ք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 14.15):
Այսօրվա խոսքում Հիսուսն ասում է, որ մեր սերը Նրա հանդեպ ցուցաբերում ենք՝ հնազանդվելով Նրա ասածներին: Երբ մտածում եմ Աստծուց լսելու մասին, վերադառնում եմ այն փաստին, որ մենք հստակ չենք լսի Նրանից, եթե չհնազանդվենք Նրան մեր գիտեցածի մեջ: Առանց հնազանդության մեր խիղճը մաքուր չէ: Քանի դեռ մեր խիղճը մաքուր չէ, մենք չենք կարող ունենալ հավատք և վստահություն (տե՛ս Ա Հովհաննես 3.20-24):
Քրիստոնյայի նպատակները պիտի միանգամայն տարբեր լինեն անհավատի նպատակներից: Ովքեր չեն ծառայում Աստծուն, ձգտում են հարստության, դիրքի, իշխանության և այլ բաների, իսկ մեր՝ քրիստոնյաներիս նպատակը պիտի լինի Աստծուն հնազանդվելը և փառավորելը: Տարիներ շարունակ ես հաճախել եմ եկեղեցի՝ այդքան մեծ ուշադրություն չդարձնելով Աստծուն հնազանդվելուն: Ես հետևում էի կրոնական դոգմաներին՝ հույս ունենալով այդպես արժանանալ Աստծո հավանությանը, սակայն հաստատուն որոշում չէի կայացրել ամեն օր առաջնորդվել Նրա սկզբունքներով: Ամբողջ կյանքդ դի՛ր Աստծո առջև և հրավիրի՛ր Սուրբ Հոգուն, որ լինի քո կյանքի Ուսուցիչը: Արա՛ լավագույնը Նրա ցուցումներին հնազանդվելու համար, իսկ երբ ձախողվես, ներողությո՛ւն խնդրիր և կրկի՛ն սկսիր: Ժամանակ և եռանդ մի՛ վատնիր՝ մեղավոր զգալու համար, որովհետև Քրիստոսում մենք միշտ ունենք նոր սկիզբ: Աղոթի՛ր հնազանդության համար, ուսումնասիրի՛ր այն և ամեն օր հետամո՛ւտ եղիր դրան: Այսկերպ վարվելով՝ ցուցաբերում ենք մեր սերն Աստծո հանդեպ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. որքան էլ փորձում ենք, միևնույն է, սխալվում ենք, բայց քանի դեռ հրաժարվում ենք հանձնվելուց, մենք կհասնենք մեր նպատակներին: