«Ուրեմն, էգուցվա համար հոգս մի՛ անեք, որովհետև էգուցվա օրն իր համար հոգս կանի. օրվա համար բավական է իր նեղությունը»: —Մատթեոս 6.34
Շատ մարդկանց նման ես նույնպես ընդդիմանում եմ այն բաներին, որոնք ինձ դուր չեն գալիս, ու որոնց հետ կապված ոչինչ չեմ կարող անել: Մի օր Տերն ինձ ասաց. «Ջո՛յս, սովորի՛ր կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա»:
Ես հավատում եմ, որ սա դաս է բոլորիս համար: Նրա ասածն այն էր, որ ես պիտի դադարեմ պայքարել այն բաների դեմ, որոնց հետ կապված ոչինչ չեմ կարող անել:
Եթե մենք ինչ-որ տեղ ենք ուղևորվում ու հանկարծ հայտնվում ենք խիտ երթևեկության մեջ պատահարի կամ վատ եղանակի պատճառով, ընդդիմանալուց օգուտ չկա: Միայն ժամանակը կամ Աստծո գերբնական միջամտությունը կփոխի ստեղծված իրավիճակը: Ինչո՞ւ չհանգստանալ և չփորձել գտնել որևէ եղանակ ժամանակը վայելելու համար:
Աստված զինել է մեզ՝ կյանքին վերաբերվելու այնպես, ինչպես այն կա: Դա է պատճառը, որ Նա մեզ ասում է կենտրոնանալ միայն այսօրվա վրա: Նա գիտի, որ եթե ժամանակը ծախսենք՝ անհանգստանալով այն խնդիրների համար, որոնք դուրս են մեր վերահսկողությունից, մենք կհոգնենք ու թևաթափ կլինենք:
Կարիք չկա, որ դու ժամանակ վատնես՝ փորձելով փոխել ու վերահսկել այն բաները, որոնք դուրս են քո վերահսկողությունից: Մտքումդ դիր անելու այն բաները, որոնք Աստված դրել է քո առջև, ու թո՛ւյլ տուր, որ Նա հոգ տանի մնացածի մասին:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտակցում եմ, որ չեմ կարող վերահսկել ամեն բան, բայց ես կարող եմ վստահել Քեզ: Հենց հիմա ես որոշում եմ կայացնում անելու լավագույնը այն ամենով, ինչ Դու տվել ես ինձ, իսկ մնացածը թողնում եմ Քեզ: