«Եվ Նա, երբ որ գա, կհանդիմանի և կհամոզի աշխարհին և կցուցադրի, թե ինչ է մեղքը, ինչ է արդարությունը (սրտի ուղղություն և Աստծո մոտ ճիշտ դիրք) և ինչ է դատաստանը» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.8):
Սուրբ Հոգին խոսում է մեր հոգու հետ, որպեսզի հանդիմանի մեղքի համար և համոզի արդարության հարցում: Նրա հանդիմանության նպատակը համոզելն է, որ ապաշխարենք, այսինքն՝ շրջվենք և գնանք ճիշտ ուղղությամբ:
Հանդիմանությունը բոլորովին տարբերվում է դատապարտությունից: Ինձնից երկար ժամանակ պահանջվեց դա հասկանալու համար: Ամեն անգամ, երբ Սուրբ Հոգին հանդիմանում էր ինձ որևէ բանի համար, որ համաձայն չէր Աստծո կամքին, ես դատապարտություն էի զգում: Հանդիմանությունը նրա համար է, որ հանի մեզ ինչ-որ բանից և օգնի՝ առաջ գնալու Աստծո կամքի և ծրագրերի մեջ: Դատապարտությունն ընկճում է մեզ և մեղքի բեռ դնում մեր ուսերին:
Երբ մեղքի համար հանդիմանվելիս ամոթի ու մեղքի առողջ զգացում ենք ունենում, դա բնական է: Բայց երբ մեղքից ապաշխարելուց հետո շարունակում ենք մեղավոր զգալ, դա ողջամիտ չէ և Աստծո կամքը չէ: Շնության մեջ բռնված կնոջ օրինակով (տե՛ս Հովհաննես 8.3-11) Հիսուսն ապացուցում է, որ դատապարտությունը միայն տանում է մահվան, իսկ հանդիմանությունն ազատագրում և առաջնորդում է նոր կյանքի մեջ, որն ազատ է մեղքից:
Քանի որ Աստված չի դատապարտում մեզ, մենք կարող ենք անվեհեր աղոթել. «Տե՛ր, ցո՛ւյց տուր իմ մեղքը: Հանդիմանի՛ր այն ամենի համար, ինչը խախտում է ուրիշներին սիրելու Քո օրենքը կամ խանգարում Քո կամքը կատարելուն: Զգայո՛ւն պահիր իմ խղճմտանքը Քո ձայնի հանդեպ: Տո՛ւր զորություն՝ մեղքից ազատ լինելու, ամե՛ն»: Երբ սովորում ենք այսպես ապրել, ավելի զգայուն ենք դառնում Աստծո ձայնի հանդեպ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սատանան դատապարտում է. Սուրբ Հոգին՝ հանդիմանում: