
«Սպասելով սպասեցի Տիրոջը, և Նա դեպի ինձ նայեց և աղաղակս լսեց: Եվ ինձ հանեց կորստի հորից՝ տիղմոտ ցեխից, և վեմի վրա կանգնեցրեց ոտքերս, և գնացքս հաստատեց»: —Սաղմոս 40.1-2
Մարդկանց զգալի մեծամասնությունը թույլ է տալիս Աստծուն օգնել իրեն միայն այն ժամանակ, երբ մտածում է, որ արժանի է դրան: Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես էլ էի այդպես կարծում: Տարիներ շարունակ ես մտածում էի, թե Աստված կօգնի ինձ միայն այն ժամանակ, երբ արժանանամ դրան, երբ բավականաչափ լավ արարքներ գործեմ:
Այդպիսի մտածելակերպը չի ստեղծում գոհության և երախտագիտության վերաբերմունք: Եթե մենք կարծում ենք, թե արժանի ենք այն բանին, ինչ ստանում ենք, այդ դեպքում դա այլևս պարգև չէ, այլ վարձատրություն կամ «վարձավճար մատուցված ծառայությունների դիմաց»: Ստանալ այն, ինչին արժանի չենք և ստանալ այն, ինչին իսկապես արժանի ենք, շնորհքի և գործերի միջև եղած տարբերությունն է:
Ես քաջալերում եմ քեզ բացել քո սիրտը և թույլ տալ Աստծո շնորհքին մուտք գործել քո կյանքի մեջ՝ օգնելով քեզ ամեն քայլափոխի: Միշտ հիշի՛ր, որ երբ հուսախաբված ես զգում, պատճառն այն է, որ քայլում ես քո սեփական ջանքերով ու կարիք ունես վերադառնալու Աստծո շնորհքին՝ թույլ տալով Նրան գործել քո միջոցով:
Սովորի՛ր թույլ տալ Աստծուն քեզ լավություն անել: Հրաժարվի՛ր Աստծո օգնությանը արժանանալու փորձերից և թո՛ւյլ տուր Նրան բավարարել քո բոլոր կարիքները:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտակցում եմ, որ հիմարություն է ընդունել Քո օգնությունը միայն այն ժամանակ, երբ ես զգում եմ, թե արժանի եմ դրան: Ես հրաժարվում եմ իմ սեփական ջանքերից և ընդունում եմ Քո շնորհքը: Շնորհակալություն յուրաքանչյուր իրավիճակում ինձ օգնելու համար՝ անգամ այն ժամանակ, երբ արժանի չեմ դրան: