Ցածր կյանքի բարձր գինը

«Որովհետև ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհը ստանա ու իր անձը (իր օրհնված կյանքը Աստծո արքայության մեջ) կորցնի: Կամ ի՞նչ գին կտա մարդ իր անձը (իր օրհնված կյանքը Աստծո արքայության մեջ) փրկելու համար»: —Մատթեոս 16.26, AMP

Սատանան գայթակղում է մեզ ապրելու ցածր կյանքով, սակայն Աստված գայթակղում է մեզ հասնելու բարձր կյանքի: Ամենավատ սխալներից մեկը, որ մենք կարող ենք անել, ինքնագոհ դառնալն է՝ մտածելով, որ այն, ինչ հենց հիմա ունենք, լավ է, կամ լավագույնն է, որ կարող ենք ունենալ: Ցածր ակնկալիքների մտածելակերպը մեզ ետ է պահում, որովհետև Աստված կարող է մեր միջոցով միայն անել այն, ինչ մենք հավատում ենք, որ Նա կարող է անել:

Զգո՛ւյշ եղիր չմտնելու «ամեն ինչ կարգին է» հոգևոր տարածք: Ես չեմ ուզում լինել միջակ, որովհետև ես չեմ ծառայում միջակ Աստծո: Աստված գերազանցության Աստված է, և ես ուզում եմ հետևել Նրա օրինակին: Եվ ինչպես վերոնշյալ խոսքն է ասում, մենք կարող ենք ստանալ այն ամենը, ինչ աշխարհն առաջարկում է ու վերջում կորցնել այն օրհնված կյանքը, որ Նա ունի մեզ համար:

Ցածր կյանքն ունի բարձր գին: Ոչինչ չարժե այն հրաշալի, խաղաղ, ուրախ, արդար, սուրբ կյանքին, որ կարող ենք ունենալ Քրիստոսում՝ այստեղ, երկրի վրա: Եթե կյանքդ անցկացնում ես՝ դիմադրելով Աստծո կամքին ու ապրելով քո ուզած կերպով, դու ապրում ես ցածր կյանքով:

Աստված կամենում է, որ դու օրհնվես, բայց Նա չի ցանկանում, որ դու փորձես ինքդ քո ուժերով հասնել դրան: Նա չի կամենում, որ նյութական բաները Նրանից վեր դնես: Հիշի՛ր, երբ առաջինը փնտրենք Աստծուն և Նրա արդարությունը, բոլոր օրհնությունները, որ Նա պահել է մեզ համար, կհասնեն մեզ: Դա է բարձր կյանքով ապրելը:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում դիրքավորվել ցածր կյանքի համար: Օգնի՛ր ինձ կենտրոնանալու Քեզ վրա, որպեսզի այսօր կարողանամ ապրել Քո արքայության բարձր կյանքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon