
«Եվ այսպես երկայնամիտ լինելով՝ հասավ խոստմունքին»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 6.15
Փոփոխությունը հեշտությամբ չի գալիս: Երբեք չեմ մոռանա այն կնոջը, որը մի օր հավաքույթից հետո մոտեցավ ինձ: Նա ձեռքերը դրեց կոնքերին և զայրացած ասաց. «Ես իմ գումարները հե՛տ եմ ուզում»: Ես զարմացա նրա հայտարարությունից և պատասխանեցի. «Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ ձեր գումարները հետ եք ուզում»: Նա ասաց. «Ջո՛յս, արդեն երկու շաբաթ է՝ նվիրատվություն եմ կատարում ձեր ծառայությանը՝ անելով այն, ինչ դուք ասում եք, բայց ոչինչ չի փոխվում»:
Երբ հետադարձ հայացք ես նետում, դա բավականին զավեշտալի տեսարան էր, բայց այդ պահին ես այդ կնոջը բացատրեցի, որ այդպես չի լինում: Փոփոխությունը ժամանակ է պահանջում: Եվ համբերություն է անհրաժեշտ հաջողությամբ անցնելու այն գործընթացի միջով, որը կտա ցանկալի արդյունք: Նա հեռացավ նողկանքով, որովհետև ակնթարթային լուծում էր ուզում, իսկ դա այն չէ, ինչ Աստված առաջարկում է: Երբ դուք փրկվեցիք, ոտք դրեցիք կյանքի փոփոխությունների ճանապարհին: Եվ մեր կյանքը փոխվում է Աստծո Խոսքի միջոցով (տե՛ս Հակոբ. 1.21-25):
Որպեսզի ապրեք Աստծո հետ սերտ, մտերիմ փոխհարաբերության մեջ, որոշո՛ւմ կայացրեք լինելու հետևորդ և աշակերտ ամբողջ կյանքի ընթացքում: Կարդացե՛ք Խոսքը: Լսե՛ք սուրբգրային ուսմունքներ: Չկա ավելի լավ բան, քան Աստծո Խոսքը ձեր սրտի մեջ դնելը… դա գործընթացի ամենակարևոր մասն է: