
«Ուրեմն, քանի որ ժամանակ ունենք, բարի գործենք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 6.10):
Օրդ սկսելիս՝ հարցրո՛ւ Աստծուց, թե ինչ կարող ես անել՝ այդ օրը և ամեն օր ուրիշներին օգնելու համար: Աստված փրկել է մեզ, որպեսզի կարողանանք ծառայել Իրեն և ուրիշներին: Աստված սկզբում Ադամին ու Եվային ասաց, որ օգտագործեն իրենց բոլոր միջոցները Աստծուն և մարդկանց ծառայելու համար: Վեհանձն մարդը նա է, ով ծառայում է: Նույնիսկ առաջնորդը պետք է լինի ծառա-առաջնորդ:
Երբ Հիսուսի աշակերտները հարցրին, թե ով է իրենցից ամենամեծը, Նա պատասխանեց, որ ով կամենում է մեծ լինել, պետք է ծառա լինի (տե՛ս Մատթեոս 20.26): Քեզ հետաքրքրո՞ւմ է Աստծո ձայնը լսելը: Եթե այո, խնդրի՛ր Նրան, որ ցույց տա, թե ում կարող ես օգնել և օրհնել: Եթե մենք կամենանք լսել Աստծուց միայն այն, ինչն օգուտ կբերի մեզ, ապա, հնարավոր է, Նա շատ բան չասի մեզ, որովհետև Նա շահագրգռված չէ գոհացնել մեր եսասիրությունը: Եթե մենք իսկապես հոգ ենք տանում ուրիշների համար, հաճախ նրանց ծառայելու ընթացքում տեսնում ենք, թե ինչպես է Աստված լուծում մեր խնդիրները՝ առանց մեր կողմից էական ջանքեր գործադրելու:
Աստծո արքայության մեջ «ծառայի» դիրքը ամենաբարձրն է: Քրիստոսը եկավ, որ ծառայի, այլ ոչ թե՝ ծառայեն Իրեն (տե՛ս Մարկոս 10.45): Յուրաքանչյուրը կարող է ծառայել, եթե հոժար է դա անելու: Պարզապես լսի՛ր, թե ինչի կարիք ունեն մարդիկ և ինչ են ցանկանում, ապա գործի՛ անցիր ու ծառայի՛ր: Երբ ծառայես ուրիշներին, Քրիստոսի հետ քո մտերմությունն ավելի կխորանա, որովհետև Նա նույնպես Ծառա է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հենց հիմա աղոթի՛ր և հարցրո՛ւ Աստծուց, թե ինչ կարող ես անել որևէ մեկին այսօր օգնելու համար: Ուշադրությո՛ւն դարձրու մեղմ, հանդարտ ձայնին և հնազանդությամբ գործի՛ անցիր: