«Մեծ և արդյունավետ դուռ է բացված ինձ համար, և հակառակվողները շատ են» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 16.9):
Երբեմն Աստծո կամքը բացահայտելու միակ ճանապարհը, ինչպես ինքս եմ անվանում, «քայլ անելու և հայտնաբերելու» մեջ հմտանալն է: Եթե ես աղոթել եմ ինչ-որ իրավիճակի համար և դեռևս չգիտեմ ինչ անել, պարզապես հավատքի քայլ եմ անում: Աստված ցույց է տվել, որ Իրեն վստահելը նման է հանրախանութի ինքնաշխատ դռան առջև կանգնելուն: Մենք կարող ենք կանգնել և ամբողջ օրը նայել դռանը, բայց այն չի բացվի, մինչև առաջ չքայլենք և չգործարկենք այն մեխանիզմը, որը բացում է դուռը:
Կյանքում կան ժամանակներ, երբ պետք է առաջ քայլենք, որպեսզի հայտնաբերենք, թե ինչ պիտի անենք: Որոշ դռներ բացվում են անմիջապես հավատքի քայլ անելուց հետո, իսկ մյուսները երբեք չեն բացվում, ինչ էլ անենք: Երբ Աստված դուռ է բացում, անցի՛ր միջով: Եթե Նա չի բացում ինչ-որ դուռ, ուրեմն փորձի՛ր այլ ուղղությամբ գնալ: Բայց թույլ մի՛ տուր, որ վախը գցի քեզ լիակատար անգործության թակարդը:
Այսօրվա խոսքում Պողոսը նշում է իր առջև բացված դռան մասին, բայց նաև հիշատակում է շատ հակառակորդների մասին, այնպես որ, պետք է համոզված լինենք, որ հակառակությունը չենք շփոթում փակ դռան հետ:
Պողոսը և նրա գործընկերները՝ Շիղան ու Բառնաբասը, Աստծո կամքը փնտրելիս չէին նստում ու սպասում, որ հրեշտակ կամ տեսիլք երևար: Նրանք քայլ էին անում այն ուղղությամբ, որը, կարծում էին, ճիշտ է: Աստված բազմիցս դռներ էր բացել նրանց համար, բայց կային ժամանակներ, երբ Նա փակում էր դռները: Սա չէր հիասթափեցնում նրանց. նրանք պարզապես շարունակում էին հավատքով առաջ շարժվել՝ փնտրելով Աստծո կամքը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. համարձա՛կ մտիր այն դռներով, որ Աստված բացում է քեզ համար, և մի՛ հիասթափվիր, երբ Նա որևէ դուռ է փակում: