«Սակայն, ո՛վ Տեր, իմ Աստվա՛ծ, նայի՛ր Քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, որ լսես այս պաղատանքը և աղոթքը, որ ծառադ այսօր Քո առջև մատուցում է» (Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ 8.28):
Երբեմն, ուրիշների համար աղոթելիս, Աստծուց ստանում ես, ինչպես ոմանք ենք անվանում, աղոթքի կամ բարեխոսության բեռ: Այդ բեռը ծանրացնում է քո սիրտը և կարևոր դառնում քեզ համար: Դա մի բան է, որ Աստված խնդրում է քեզ կրել աղոթքում, մի բան, որից չես կարող ազատվել: Երբեմն Աստված կարող է խոսել քեզ հետ և բացատրել, թե ինչ բեռ է դա: Այլ դեպքերում դու նույնիսկ չգիտես կամ լիովին չես հասկանում, թե ինչն է քեզ անհանգստացնում. միայն գիտես, որ պետք է աղոթես:
Ոմանք կանչված են շատ աղոթելու որոշակի բաների համար: Իմ ամուսինը շատ է աղոթում Ամերիկայի համար: Ես գիտեմ մարդկանց, որոնք մշտապես աղոթում են Իսրայելի համար: Մի կին ինձ ասաց, որ աղոթում է պատերազմի վետերանների համար: Ես հավատում եմ, որ Աստված անդրադառնում է աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր կարիքին: Հարկ չկա, որ բոլորս աղոթենք նույն բանի համար, որովհետև եթե այդպես վարվեինք, ապա հոգ չէր տարվի բոլոր կարիքների համար: Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ է Աստված դնում քո սրտում, և աղոթի՛ր դրա համար:
Աստված խոսում է մեզ հետ նաև ուրիշների համար մեզ վրա աղոթքի բեռ դնելու միջոցով: Հաճախ Նա անում է դա առանց խոսքերի՝ մեր սրտում մարդկանց համար անհանգստության և պատասխանատվության զգացում առաջացնելով: Այսկերպ Նա խնդրում է մեզ աղոթել նրանց համար: Ուշադրությո՛ւն դարձրու այն բեռներին, որ Նա դնում է քեզ վրա, և հավատարի՛մ եղիր աղոթելու՝ արձագանքելով Նրա խնդրանքին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ աղոթում ես ուրիշների համար, հիշի՛ր, որ ինչ-որ մեկն էլ Աստծո կարգադրությամբ աղոթում է քեզ համար: