«Մարդունն են սրտի տրամադրությունները, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը» (ԱՌԱԿԱՑ 16.1):
Երբեմն Աստված խոսում է մեզ հետ մեր շուրթերով: Ես հասկացա սա, երբ կանգնած էի մի կարևոր որոշման առջև և աստվածային պատասխանի կարիք ունեի, բայց կարծես չէի կարողանում հասկանալ, թե Աստված ուր էր առաջնորդում ինձ: Մտքերս խճճվում էին, և ես դոփում էի նույն տեղում, մինչև ընկերոջս հետ դուրս չեկա զբոսանքի:
Գրեթե մեկ ժամ մենք քննարկեցինք այդ հարցը՝ վայելելով թարմ օդը և միմյանց ընկերակցությունը: Դիտարկեցինք հնարավոր լուծումները և դրանց հավանական հետևանքները: Տարբեր կողմերից մեկնաբանեցինք իրավիճակը: Մինչ զրուցում էինք, հանկարծ սրտիս մեջ դրոշմվեց մի իմաստուն որոշում, որն անմիջապես դուրս եկավ իմ շուրթերից: Ես գիտեի, որ դա Տիրոջից էր: Դա իմ մտքի արգասիքը չէր: Որոշումը դուրս եկավ իմ հոգուց՝ ներսի մարդուց:
Իրականում ես չէի ցանկանում անել այն, ինչ պահանջում էր այդ որոշումը: Ես աշխատում էի համոզել Աստծուն, որ իմ իրավիճակին այլ լուծում տրվեր: Դժվար էր զանազանել Նրա ձայնը, քանի որ միտքս նախապես հակառակ էր Նրա ծրագրին: Կամակոր մտածելակերպը խաղաղության մեծ թշնամի է և կարող է խոչընդոտել Աստծուն լսելու մեր կարողությանը: Մենք պետք է պատրաստ լինենք մի կողմ դնել մեր ցանկությունները, հակառակ դեպքում, հնարավոր է՝ բաց թողնենք Նրա բերանից դուրս եկող խոսքը: Աստված միշտ գիտի, թե որն է մեզ համար լավագույնը, և մենք պետք է մեր մտքերը հնազանդեցնենք նրան, ինչ Նա մտածում է այս կամ այն իրավիճակի վերաբերյալ:
Աստված խոստանում է, որ եթե փնտրենք Իրեն, մեր բերանը կլցնի այն խոսքերով, որ պետք է խոսենք (տե՛ս Սաղմոս 81.10): Սա այն է, ինչ Նա արեց ինձ համար, և նույնը կանի քեզ համար, երբ շարունակես փնտրել Նրան և հնազանդվել Նրա ծրագրերին:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. խնդրի՛ր Աստծուց լցնել քո բերանը այն խոսքերով, որ պետք է խոսես այսօր: