«… մենք Քրիստոսի միտքն ունենք»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 2.16
Ձեզ և ինձ տրվել է Քրիստոսի միտքը. սա խոստում է ուղիղ Աստծո Խոսքից: Որպեսզի հասկանաք, թե ինչ է դա նշանակում, մտածեք, թե ինչպիսին էր Քրիստոսի միտքը, երբ Նա ապրում էր երկրի վրա: Նա վստահ էր Իր Ով լինելու մեջ: Նա թույլ չէր տալիս, որ ուրիշների բացասական վերաբերմունքը շեղեր Իրեն: Նա քաջատեղյակ էր, որ սիրված է Աստծուց: Եվ Նա կենտրոնացած էր Իր կյանքի համար Աստծո ծրագրի իրականացման վրա:
Այժմ մի պահ դիտարկեք, թե ինչ մտքեր է զբաղեցնում ձեր բանականությունը: Եթե շեղվում եք ուրիշների կարծիքներով, եթե հեշտությամբ վրդովվում եք, կամ եթե ձեր միտքը լցված է կասկածով և անհավատությամբ, դեռևս չեք վերապրում այն ամենը, ինչ Աստված ցանկանում է ձեր կյանքի համար: Բայց ամեն բան կարող է փոխվել: Աստված կարող է նորոգել ձեր միտքը և բերել ձեզ հաղթանակի վայր:
Մտքի նորոգությունը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում, և այն գործընթաց է, որի դեմ վճռականորեն պայքարում է սատանան: Կարևոր է, որ մենք գիտակցաբար ընտրենք ճիշտ մտածելակերպ: Երբ զգում ենք, որ մեր մտքի պատերազմը դժվար է, կարող ենք Աստծո օգնությամբ նպատակաուղղված ընտրել կենարար մտքեր:
Մտքի նորոգությունն աստիճանաբար է տեղի ունենում, ուստի մի՛ հիասթափվեք, եթե առաջընթացը դանդաղ է թվում:
Հաստա՛տ կանգնեք և ասե՛ք. «Ես երբեք չե՛մ հանձնվի: Աստված իմ կողմից է: Նա սիրում է ինձ, և Նա օգնում է ինձ»:
Մեր մտքերն ազդում են մեր ներսի մարդու, մեր առողջության, մեր ուրախության և մեր վերաբերմունքի վրա: