
«Ուստի, Նրա ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցենք. այսինքն՝ Նրա անունը դավանող շրթունքների պտուղ»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.15
Օրհնությունը կամ փառաբանությունը հնարավորություն է՝ կենտրոնանալու Աստծո բարության վրա, գոհանալու և հիշելու Նրա ցուցաբերած բարությունը մեր կյանքում: Այն մի բան է, որ կարող ենք մշտապես անել: Մենք կարող ենք փառաբանել Աստծուն Իր զորավոր գործերի, հրաշքների և նույնիսկ շնորհքի այն գործերի համար, որ Նա իրականացնելու է մեր կյանքում: Մենք կարող ենք նաև փառաբանել Նրան՝ ամեն օր մեզ մատակարարելու համար:
Օրհնության պատարագ՝ նշանակում է փառաբանել նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկություն չունենք դա անելու: Որպես հավատացյալներ՝ ինչպես դժվար, այնպես էլ լավ ժամանակներում, մենք կարող ենք փառաբանել Աստծուն Իր բարության, ողորմության, քաղցրության, շնորհքի և երկայնամտության համար: Մինչ սպասում ենք մեր աղոթքների պատասխանին, մենք կարող ենք շարունակ ճանաչել, դավանել և փառաբանել Նրա անունը:
Մեր գործը չէ անհանգստանալ և վախենալ կամ փորձել ստանձնել Աստծո դերը՝ վերահսկելով այն իրավիճակները, որոնք պետք է հանձնվեն միայն Նրան: Փոխարենը՝ մեր պարտականությունն է մեր հոգսը գցել Տիրոջ վրա (տե՛ս Ա Պետր. 5.7), վստահել Նրան և փառաբանել այն ամենի համար, ինչ Նա արել է, անում է և, հավատում ենք, որ կանի:
Նույնիսկ այն օրերին, երբ այնքան էլ հեշտ չէ, երբ պարտադիր չէ, որ հասկանանք, թե ինչպես է ամեն բան կարգավորվելու, մենք կարող ենք օրհնության պատարագ մատուցել: Սա հաճեցնում է Տիրոջը և բորբոքում մեր հավատքը, քանի որ մենք վստահում ենք Նրան՝ անկախ մեր շուրջը տիրող հանգամանքներից: