Եղի՛ր պտուղների տեսուչ

Եղի՛ր պտուղների տեսուչ

«Ուրեմն, իրենց պտուղներից ճանաչե՛ք նրանց» (ՄԱՏԹԵՈՍ 7.20):

Քաջալերում եմ քեզ քննել քո և մյուսների պտուղները: Մի՛ քննիր մարդկանց՝ նրանց դատելու և քննադատելու համար, այլ քննիր՝ պարզապես որոշելու, թե արդյո՞ք նրանք այն են, ինչ պնդում են: Սա «հոգիները փորձելու» կամ ստուգելու և անախորժությունից հեռու մնալու միջոցներից է: Շատերը ցավոտ փորձառություն են ունեցել, երբ խաբվել են ինչ-որ մեկի կողմից: Մենք կարծում էինք, թե ճանաչում ենք այդ անձնավորությանը, բայց պարզվեց, որ նա այն չէր, ինչ թվում էր: Այս փորձառություններից կարող ենք սովորել չտպավորվել նրանով, ինչ մարդիկ ասում են, այլ հետևել այն պտուղներին, որ նրանք դրսևորում են: Մարդը կարող է կրոնավոր երևալ և նույնիսկ ամբողջական գլուխներ մեջբերել Աստվածաշնչից, բայց եթե նա կոպիտ է մարդկանց հանդեպ, ագահ է և եսասեր, ապա այն չէ, ինչ թվում է:

Իրական քրիստոնյա լինելը շատ կարևոր է ինձ համար: Ես ուզում եմ դրսևորել այն պտուղները, որոնց մասին խոսում եմ, և համոզված եմ, որ դու էլ նույնն ես ցանկանում: Ես սիրում եմ ամեն օր նայել իմ կյանքի պտուղներին: Անիմաստ է դատել ուրիշների պտուղները, եթե ինքս չեմ կամենում նայել իմ պտուղներին: Արդյո՞ք ես համբերատար եմ: Արդյո՞ք առատաձեռն եմ: Արդյո՞ք հոգ եմ տանում ուրիշների համար և արդյո՞ք պատրաստ եմ զոհողություն անել նրանց օգնելու համար: Արդյո՞ք արագորեն հնազանդվում եմ Սուրբ Հոգու առաջնորդությանը: Մենք կխաբենք ինքներս մեզ՝ մտածելով, թե այն ենք, ինչ իրականում չենք, եթե ժամանակ չհատկացնենք՝ քննելու մեր կյանքի պտուղները:

Դավիթը խնդրեց Աստծուն քննել իրեն, իսկ Պողոսը կորնթացիներին ասաց քննել, փորձել և գնահատել իրենց՝ տեսնելու, թե արդյո՞ք հավատքի մեջ են և պատշաճ պտուղներ են դրսևորում (տե՛ս Սաղմոս 26.1, Բ Կորնթացիների 13.5,6): Եկե՛ք փորձենք և քննենք մեր ճանապարհները և խնդրենք Աստծուց հեռացնել վատ պտուղները, որպեսզի ամբողջ ծառը չախտահարվի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ամեն օր ժամանա՛կ հատկացրու՝ քո կյանքի պտուղները քննելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon