Ուզո՞ւմ ես իմանալ Աստծո կամքը

Ուզո՞ւմ ես իմանալ Աստծո կամքը

«Ամեն բանի մեջ գոհացե՛ք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.18):

Շատերն ուզում են լսել Աստծո ձայնը հիմնականում այն պատճառով, որ ցանկանում են իմանալ, թե որն է Նրա կամքը իրենց կյանքի համար: Երբեմն մարդիկ վերաբերում են Աստծո կամքին՝ ինչպես աշխարհի ամենաբարդ առեղծվածի, և նմանատիպ արտահայտություններ են անում. «Դե՛, եթե իմանայի Աստծո կամքը, ապա կհնազանդվեի», կամ՝ «Ես իսկապես ուզում եմ հետևել Աստծուն. պարզապես համոզված չեմ, թե որն է Նրա կամքը»:

Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք Աստծո կամքն է, որ դու տեղափոխվես Մինեապոլիս, փոխես աշխատանքդ կամ գլխավոր դեր ստանձնես եկեղեցում բեմադրվող Զատկի ներկայացմանը, բայց կարող եմ մեկ հստակ ճանապարհ ցույց տալ՝ Աստծո կամքը գիտենալու և Նրան հնազանդվելու համար. եղի՛ր շնորհակալ: Եղի՛ր շնորհակալ ամեն ժամանակ՝ անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում: Այո՛, յուրաքանչյուր հանգամանքում ունեցի՛ր գոհացող սիրտ, և դա կօգնի ավելի հստակ տեսնելու այն ուղղությունը, որով պիտի գնաս: Երբեմն գոհանալը հեշտ է, երբեմն՝ դժվար, բայց եթե զարգացնես ու պահպանես գոհության վերաբերմունք, ապա կլինես Աստծո կամքի մեջ: Ուշադրություն դարձրու, որ վերոհիշյալ խոսքում չի ասվում գոհանալ ամեն բանի համար, այլ գոհանալ ամեն բանի մեջ: Օրինակ, մի օր բացում ես սառնարանը և տեսնում, որ լույսն անջատված է, իսկ մթերքն այնքան սառը չէ, որքան պիտի լիներ: Հարկ չկա, որ գոհանաս Աստծուց այն բանի համար, որ սառնարանը չի աշխատում, բայց կարող ես գոհանալ, որ ունես սառնարան և մթերք, որը կարելի է դնել այնտեղ: Դու գոհանում ես, որ սառնարանը հնարավոր է վերանորոգել, և պահպանում ես գոհացող սիրտ, մինչ սպասում ես վերանորոգմանը: Քաջալերում եմ քեզ հմտանալ գոհանալու մեջ, մինչ զբաղված ես ամենօրյա գործերով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գոհացի՛ր ամեն բանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon