«Դու տվել ես ինձ լսելու և հնազանդվելու ընդունակություն…» (ՍԱՂՄՈՍ 40.6):
Տարիներ շարունակ ցանկանում էի, որ Աստված խոսեր ինձ հետ, բայց հնազանդության հարցում ընտրովի վերաբերմունք էի ցուցաբերում: Ես պատրաստ էի անել այն, ինչ Նա ասում էր, եթե դա հեշտ էր և, իմ կարծիքով, լավ գաղափար էր: Իսկ եթե ինձ դուր չէր գալիս այն, ինչ լսում էի, վարվում էի այնպես, կարծես այդ խոսքերն Աստծուց չէին:
Որոշ բաներ, որ Աստված ասում է մեզ, կարող են քաջալերող լինել: Բայց Նրա ասածներից ոչ բոլորն են մեզ հրճվանք պատճառում: Սա չի նշանակում, որ դրանք չեն գործի մեր օգտին, եթե հնազանդվենք: Օրինակ, եթե Աստված քեզ հորդորում է ներողություն խնդրել ինչ-որ մեկից նրա հետ կոպիտ վարվելու համար, ապա քո պատասխանը՝ թե նա նույնպես կոպիտ է վարվել քեզ հետ, որևէ օգուտ չի տա: Եթե Աստծո առջև պատճառաբանություններ ես բերում, ուրեմն չես հնազանդվում Նրան, թեկուզ աղոթել ես և նույնիսկ լսել ես Նրա ձայնը:
Երեք տասնամյակից ավելի քայլելով Աստծո հետ և լինելով ծառայության մեջ՝ պետք է ասեմ, որ ես ու Դեյվը հաջողության հասել ենք այն պարզ պատճառով, որ սովորել ենք աղոթել, լսել Աստծուց, ապա անել այն, ինչ Նա ասում է: Տարիների ընթացքում փնտրելով Աստծուն և ջանասիրաբար անելով այն, ինչ Նա դրել է իմ սրտում՝ կարող եմ ասել, որ ամեն ինչից առավել ես պարզապես աղոթել եմ և հնազանդվել: Միշտ չէ, որ հեշտությամբ եմ արել դա, բայց արդյունքները սպասել չեն տվել:
Եթե ուզում ես, որ Աստծո ծրագիրն իրականանա քո կյանքում, կարող եմ տալ ամենապարզ դեղատոմսը. աղոթի՛ր և հնազանդվի՛ր: Աստված տվել է քեզ ընդունակություն անելու երկուսը միաժամանակ, և եթե մշտապես հետևես այդ դեղատոմսին, կիրականացնես Նրա կամքը քո կյանքի համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. աղոթի՛ր, հոժարությամբ լսի՛ր և հնազանդվի՛ր: