
«Խնդրե՛ք Տիրոջը և Նրա զորությունը…» (Սաղմոս 105.4):
Երբ Հովսափատ թագավորը լսեց, որ հսկայական զորք է կուտակվում Հուդայի վրա հարձակվելու համար, նա գիտեր, թե ինչ պետք է աներ: Հարկավոր էր ոչ թե խորհուրդ հարցնել մարդկանցից, այլ փնտրել Աստծուն և անմիջապես լսել Նրանից:
Անկասկած, Հովսափատը նախկինում էլ մարտեր էր վարել, ուստի ինչո՞ւ չէր կարող օգտագործել նույն մեթոդները, որոնք կիրառել էր նախորդ իրավիճակներում: Անկախ նրանից, թե այս կամ այն բանը քանի անգամ է գործել անցյալում, հնարավոր է, որ այն չօգնի ներկայում ճգնաժամը հաղթահարելուն, եթե Աստված չթարմացնի օծությունը: Նա կարող է օծել հին մեթոդը և գործել դրա միջոցով, բայց կարող է նաև տալ բոլորովին նոր ուղղություն, նոր հրահանգներ, որոնց մասին երբեք չենք իմացել: Մենք պետք է մշտապես հուսանք Աստծո՛ւն, ոչ թե մեթոդներին, բանաձևերին կամ ճանապարհներին, որոնք անցյալում գործել են: Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք Աստծո՛ վրա, ուժի և մատակարարման մեր աղբյուրը պետք է լինի միմիայն Աստված:
Հովսափատը գիտեր, որ մինչև չլսեր Աստծուց, հաջողություն չէր ունենա: Աստվածաշնչի «Ընդլայնված թարգմանությունում» ասվում է, որ Աստծո ձայնը լսելը «նրա կենսական կարիքն» էր, մի բան, առանց որի Նա չէր կարող: Այն կենսական անհրաժեշտություն էր, որը կարևոր էր նրա կյանքի և ամբողջ ժողովրդի գոյատևման համար:
Գուցե դու էլ նույնպիսի իրավիճակում ես: Հնարավոր է՝ դու նույնպես Աստծուց թարմ խոսքի կարիք ունես: Գուցե զգում ես, որ խեղդվող մարդու պես վերջին ճիգերն ես գործադրում ջրի երեսին մնալու համար: Գուցե հուսահատորեն կարիք ունես լսելու Աստծուց, որպեսզի կարողանաս ապրել:
Աստված ուզում է խոսել քեզ հետ նույնիսկ ավելի շատ, քան ցանկանում ես լսել Նրանից: Փնտրի՛ր Նրա երեսը՝ Նրան ժամանակ և ուշադրություն հատկացնելով, ու դու չես հիասթափվի:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. բա՛ց եղիր այսօր Աստծուց թարմ խոսք լսելու համար: