«Բայց եթե մեկը ձեզնից իմաստության պակասություն ունի, թո՛ղ խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (ՀԱԿՈԲՈՍ 1.5):
Աստծո ձայնը լսելու կարևորությունն այն է, որ մենք հնարավորություն ենք ստանում արձակելու Աստծո իմաստությունը ցանկացած իրավիճակի մեջ, իսկ Աստծո իմաստությունը կարող է լիովին փոխել ամեն ինչ: Երբ Աստծուց իմաստություն ես ստանում որևէ բանի վերաբերյալ՝ որոշում կայացնելու, ֆինանսական հարցի, առողջական լուրջ խնդրի, մասնագիտական դժվարության, անձնական և փոխհարաբերության հետ կապված հարցերի կամ ընտրության, որը կարող է ազդել կյանքի հետագա ընթացքի վրա, դու ձեռք ես բերում խորաթափանցություն և տեսնում այն ուղղությունը, որի մասին երբեք չէիր մտածի: Աստծո իմաստությունը կարող է խնայել մեր գումարները, ժամանակը, եռանդը. այն կարող է նույնիսկ փրկել քո կյանքը: Այն կարող է բերել այնպիսի օրհնություններ, որոնք երբեք չես պատկերացրել։ Աստծո իմաստությունը կարող է տալ քեզ բարեհաճություն այնտեղ, որտեղ մի ժամանակ արհամարհված ես եղել, այն կարող է վերացնել մարդկանց միջև բաժանումը և լիարժեք վերականգնում բերել այնտեղ, որտեղ ավերածություն է: Աստծո իմաստությունը կարող է դարձնել քեզ ավելի խելացի, քան իրականում կաս, և առաջնորդել հրաշալի բաների մեջ:
Այսօրվա խոսքում ասվում է, որ Աստված մեզ իմաստություն է տալիս, բայց ի՞նչ է նշանակում լինել իմաստուն: Պարզ ասած՝ իմաստուն մարդիկ կայացնում են որոշումներ ներկայում, որոնցից գոհ կմնան ապագայում: Իսկ ոչ իմաստուն մարդիկ անում են այն, ինչ այդ պահին լավ է թվում, բայց հետագայում գրեթե միշտ դժգոհ են լինում իրենց ընտրությունից: Ոչ իմաստուն մարդիկ գործում են հույզերից դրդված՝ փոխանակ խնդրեն Աստծո իմաստությունը, և սովորաբար զղջում են հախուռն, հուզական որոշումների համար: Իմաստուն մարդիկ, ընդհակառակը, հետ են նայում իրավիճակին և հիանում այն շնորհքով և առաջնորդությամբ, որ ստացել են Աստծուց, երբ փնտրել են Նրան: Նրանք գիտակցում են, որ անհավանականորեն օրհնվել են Աստծուց այն պտուղներով, որոնք քաղում են իմաստուն ընտրություններ կատարելու արդյունքում: Այսօր Աստծուն փնտրելիս խնդրի՛ր Նրա իմաստությունը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ներկայում կայացրո՛ւ որոշումներ, որոնցից գոհ կմնաս ապագայում: