Դա նման է բանկ գնալուն

Դա նման է բանկ գնալուն

«Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ ունենք համարձակություն (խիզախություն և վստահություն) ազատ (ազատությամբ և առանց վախի) մոտենալու Աստծուն» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.12):

Մենք երբեք անապահով չպիտի զգանք, երբ աղոթքով մոտենում ենք Աստծուն: Նա գիտի մեր բոլոր տկարությունները և, ամեն դեպքում, սիրում է մեզ: Աստված ուզում է տալ մեզ ավելին, քան բավական է, և մենք պետք է համարձակ խնդրենք:

Աստծուն աղոթքով համարձակ մոտենալը կարելի է նմանեցնել բանկում գումար կանխիկացնելուն: Եթե ես գիտեմ, որ բանկում ունեմ հիսուն դոլար, որովհետև անցյալ շաբաթ այդքան գումար եմ փոխանցել իմ բանկային հաշվին, ապա առանց վարանելու կմոտենամ ինքնասպասարկման պատուհանին և կկանխիկացնեմ հիսուն դոլարանոց վճարագիրը: Ես գիտեմ, որ ունեմ այդ գումարը, այն իմն է, և կարող եմ հանել բանկից, եթե ցանկանամ: Երբ ներկայացնում եմ վճարագիրը, լիովին ակնկալում եմ, որ կստանամ իմ հիսուն դոլարը: Նույն համարձակությամբ մենք պետք է մոտենանք Աստծուն՝ ոչ թե մեր արդարության, այլ Հիսուսի հետ ժառանգակիցներ լինելու արտոնության շնորհիվ: Մենք պետք է հասկանանք, թե ինչն է հասանելի մեզ Հիսուսի շնորհիվ, և պետք է վստահ աղոթենք՝ լիովին ակնկալելով, որ կստանանք այն, ինչ պատկանում է մեզ: Աստված անհավանականորեն ապահովել է մեզ ամեն ինչով, և մենք պարզապես պետք է խնդրենք Հիսուսի անունով այն օրհնությունները, որոնք ձեռք են բերվել Նրա զոհի միջոցով: Երբ պայքարում ենք անարժանության զգացումների դեմ, պետք է դիմենք Աստծո Խոսքին և թույլ տանք, որ այն հիշեցնի մեզ մեր արտոնությունները՝ որպես Աստծո զավակների: Մենք պետք է խնդրենք Սուրբ Հոգուն օգնել մեզ համարձակությամբ մտնելու Աստծո ներկայության մեջ և ստանալու այն օգնությունը, որի կարիքն ունենք, որովհետև «Նույն Ինքը՝ Հոգին, վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եվ եթե որդիներ՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ…» (Հռոմեացիների 8.16,17): Նա կխոսի մեզ հետ և կհիշեցնի, որ մենք պատկանում ենք Աստծուն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու Աստծո զավակ ես, և Նա սիրով ցանկանում է բարի լինել քո հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon