Դեմառդեմ կանգնի՛ր քո մասին ճշմարտությանը

«Եվ չկա մի արարած աներևույթ Նրա երեսից. բայց ամենն էլ մերկ և բաց է Նրա աչքի առաջին, որի հետ է մեր բանը»: —Եբրայեցիների 4.13

Մի անգամ ինչ-որ մեկն ինձ հարցրեց, թե ինչպես եմ ես ազատ ապրում իմ ճնշող անցյալից: Իմ պատասխանը շատ պարզ էր. Աստված տվել է ինձ շնորհք և պատրաստակամություն՝ երես առ երես նայելու իմ մասին ճշմարտությանը:

Ես մեծացել եմ բարկությամբ լի անկայուն մթնոլորտում: Հախուռն խառնվածքիս պատճառով մեծ մասամբ ես վրդովված էի լինում: Վրդովմունքն ինձ դարձնում էր ընկճված, հուսահատված և հիասթափված անձնավորություն: Ես ցանկանում էի ավելի լավ կյանք ունենալ, սակայն իմ ցանկությունը ոչ մի հարց չէր լուծում: Ես ժամանակ էի վատնում՝ շարունակելով իմ խնդիրների համար մեղադրել իմ վատ ընտանեկան անցյալին:

Ի վերջո՝ Աստված օգնեց ինձ գիտակցելու, որ քանի որ ես պատասխանատու չէի այն ամենի համար, ինչ պատահել էր ինձ հետ ու չէի կարող փոխել իմ անցյալը, ես պետք է դադարեի պարզապես ցանկանալ և սկսեի պատասխանատվություն վերցնել ներկա կյանքի համար ու առաջ շարժվել: Ես պետք է դադարեի մեղադրել այլ մարդկանց և հանգամանքներին ու վերջ տայի ինքս ինձ արդարացնելուն: Երբ վարվեցի այդպես ու վստահեցի Աստծուն ինձ բժշկելու և կյանքս վերականգնելու համար, ես փոխվեցի: Այժմ ես ունեմ խաղաղություն և վայելում եմ իմ կյանքը:

Միգուցե դու էլ նմանատիպ իրավիճակում ես: Քո մասին ճշմարտությանը դեմառդեմ կանգնելը վախեցնող է, սակայն հարկ չկա, որ դու մենակ դա անես: Քո բոլոր թերությունները հայտնի են Աստծուն, ու եթե խնդրես Նրանից Իր հեռանկարը, Նա կօգնի քեզ բարձրանալու, պատասխանատվություն ստանձնելու և ապրելու խաղաղ կյանքով: Այսօր մի՛ վախեցիր քո մասին ճշմարտությանը բախվելուց, այլ թո՛ւյլ տուր Աստծուն առաջնորդել քեզ «նոր» վաղվա մեջ:


Աղոթքի սկիզբ

Սու՛րբ Հոգի, ես Քո օգնության կարիքն ունեմ, որպեսզի դեմառդեմ կանգնեմ իմ մասին ճշմարտությանը: Ժամանակն է՝ դադարել խնդիրների համար մեղադրել ուրիշներին և անցյալին ու դեմառդեմ կանգնել դրանց Քո Խոսքի զորությամբ: Օգնի՛ր ինձ պատասխանատվություն ստանձնելու և փոխվելու դեպի ավելի լավը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon