«Ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհում» (ԵՍԱՅԻ 48.17):
Մարդկանց մեծ մասը վախենում է բոլորին նման չլինելուց: Շատերին ավելի հարմար է հետևել հատուկ կանոնների, քան համարձակվել հետևել Աստծո Հոգու առաջնորդությանը: Հետևելով մարդու ստեղծած կանոններին՝ մենք հաճեցնում ենք մարդկանց, բայց երբ հավատքի քայլ ենք անում և հետևում Աստծո Հոգուն, հաճեցնում ենք Նրան: Մենք չպետք է ճնշված զգանք այն բանի համար, որ չենք աղոթում որոշակի ձևով, որոշակի տևողությամբ կամ որոշակի թեմաների շուրջ, քանի որ ուրիշներն այդպես են աղոթում: Փոխարենը, մենք պետք է ազատ լինենք արտահայտելու մեր ինքնատիպությունը՝ աղոթելով այնպես, ինչպես Աստված է սովորեցնում: Աստված յուրաքանչյուրիս մղում է աղոթելու տարբեր բաների համար, և այդկերպ անուշադրության չի մատնվում այն, ինչի համար պետք է աղոթել:
Մենք ինչ-որ կերպ ապահով ենք զգում, երբ անում ենք այն, ինչ մյուսներն են անում, բայց ցավալին այն է, որ մենք անբավարար կզգանք այնքան ժամանակ, մինչև չսովորենք, այսպես ասած, «արձակել նավը նավամատույցից» և թույլ տալ, որ Աստծո Հոգու օվկիանոսը տանի մեզ այնտեղ, որտեղ կամենում է: Տարիներ շարունակ ես նման էի նավամատույցին կապված նավի, քանի որ հետևում էի աղոթքի այն կանոններին ու հրահանգներին, որոնք սովորել էի ուրիշներից: Դա լավ սկիզբ էր, բայց ժամանակի ընթացքում իմ աղոթքները դարձան չոր ու ձանձրալի: Երբ սովորեցի «արձակել նավը» և հնազանդվել Սուրբ Հոգու առաջնորդությանը, լցվեցի թարմությամբ և ստեղծագործական ներուժով, ու դա հրաշալի էր: Երբ ես աղոթում եմ, Սուրբ Հոգին գրեթե ամեն օր տարբեր կերպ է առաջնորդում ինձ, և ես այլևս չեմ աղոթում կանոնների, հրահանգների և ժամանակացույցի համաձայն:
Հենց հիմա խնդրի՛ր Աստծուց, որ քեզ ցույց տա քո ինքնատիպությունը և օգնի լսելու Իր ձայնը ու հետևելու Իրեն՝ համաձայն այն եզակի և հրաշալի հատկանիշների, որոնցով Նա օժտել է քեզ:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. «արձակի՛ր նավդ» և ղեկդ հանձնի՛ր Աստծուն: