Թող խաղաղությունը լինի քո դատավորը

«Թող խաղաղությունը (հոգու ներդաշնակությունը, որ գալիս է) Քրիստոսից, իշխի (մշտապես գործի իբրև դատավոր) ձեր սրտերում» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.15):

Ես փորձում եմ ապրել իմ կյանքը՝ խաղաղություն գտնելով: Գնումներ կատարելիս ես չեմ գնում որևէ բան, դա գնելու համար խաղաղություն չունեմ: Եթե զրույցի եմ բռնվում որևէ մեկի հետ և հասկանում եմ, որ կորցնում եմ խաղաղությունս, ես լռում եմ: Երբ որոշումներ եմ կայացնում, նայում եմ իմ առջև դրված ընտրություններին և ընտրում այն, ինչն ինձ խաղաղություն է բերում: Երբ փորձում եմ տարբերել Աստծո ձայնը այլ ձայներից, որոնք մրցում են իմ ուշադրությունը գրավելու համար, ես լսում եմ և փորձում եմ հասկանալ, թե որ ձայնից կամ ուղերձից է սիրտս լցվում Աստծո խաղաղությամբ:

Ես հասկացել եմ, որ կյանքում զորություն ունենալու համար շատ կարևոր է պահպանել խաղաղությունը: Եթե չունենք խաղաղություն, ապա կարող ենք, ամենայն հավանականությամբ, լուրջ սխալ կատարել: Կասեմ ավելին. մենք երբեք չպետք է գործենք առանց խաղաղության: Կարող ենք ասել՝ խաղաղությունը «ներքին հաստատությունն» է այն բանի, որ Աստված հավանություն է տալիս մեր կայացրած որոշմանը:

Աստված առաջնորդում է մեզ խաղաղությամբ: Այսօրվա խոսքում ասվում է, որ խաղաղությունը նման է դատավորի, որը որոշում է, թե ինչն է «անվտանգ», կամ ինչից պետք է «հեռու մնալ»: Եթե չկա խաղաղություն, ուրեմն պետք է ձեռնպահ մնալ: Մենք պետք է թույլ տանք, որ մեր մտքի և հոգու ներդաշնակությունն իշխի և մեր սրտում գործի իբրև դատավոր՝ վերջնական լուծում տալով այն հարցերին, որոնք ծագում են մեր մտքում, և այն որոշումներին, որոնք պետք է կայացնենք կյանքում:

Մենք պետք է սովորենք ենթարկվել ճիշտն ու սխալը տարբերելու ներքին զգացողությանը և չանել այն, ինչն անհանգստություն է պատճառում մեր խղճմտանքին: Աստված մեզ խաղաղություն է տալիս կամ վերցնում է այն, որպեսզի հասկանանք՝ ճիշտ ճանապարհի՞ն ենք, թե՞ ոչ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թող խաղաղությունը լինի քո դատավորը: Իմացի՛ր. քո որոշումը ճիշտ է, երբ ունես խաղաղություն, և սխալ է, երբ չունես այն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon