
«Եվ Աստծո խաղաղությունն իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք մեկ մարմնով, և գոհացո՛ղ եղեք»: —Կողոսացիների 3.15
Մենք բոլորս ունենք զգացմունքներ, որոնք միշտ մեզ հետ են մնում: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր հավատացյալի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի հուզական կայունությունը: Մենք պետք է փնտրենք Աստծուն՝ իմանալու, թե ինչպես կառավարենք մեր զգացմունքները, այլ ոչ թե թողնենք, որ դրանք կառավարեն մեզ:
Մտածի՛ր այս մասին. դու գնացել ես գնումների և ցանկանում ես ինչ-որ անհրաժեշտ բան գնել: Դու խոստացել ես Տիրոջը, որ պարտքերից դուրս կգաս և կհետևես քո ծախսերին ու չես գնի այն բաները, որոնց կարիքը չունես: Բայց գնումներ կատարելիս հայտնաբերում ես, որ խանութներում գործում է հիսուն տոկոս զեղչ նշված ապրանքների վրա: Ի՞նչ ես անում: Հետևում ես քո զգացմունքներին և անձնատո՞ւր լինում, թե՞ սպասում ես, որ հույզերդ հանդարտվեն, ապա որոշում կայացնես:
Աստված ցանկանում է, որ դու որոշումներ կայացնես՝ առաջնորդվելով խաղաղությամբ: Թույլ տալ, որ Նրա խաղաղությունն իշխի քեզ, հաճախ նշանակում է մի փոքր սպասել, մինչև հույզերը հանդարտվեն, ապա ստուգել և համոզվել, որ այն, ինչ անելու ես, իսկապես ճիշտ է:
Թույլ մի՛ տուր, որ քո զգացմունքները որոշումներ կայացնեն: Միշտ գործի՛ր խաղաղությամբ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ընտրում եմ թույլ տալ, որ Քո խաղաղությունն իշխի իմ սրտում: Ես չեմ ուզում որոշումներ կայացնել՝ հիմնվելով իմ զգացմունքների վրա, այլ ուզում եմ հանդարտորեն և խաղաղությամբ ընտրել այն ճանապարհները, որոնցով Դու ցանկանում ես, որ ես գնամ: