«Ես ուրախ եղա, երբ որ ասացին ինձ, թե Տիրոջ տունը գնանք» (ՍԱՂՄՈՍ 122.1):
Որպես քրիստոնյաներ՝ մենք այնքա՜ն շատ օրհնություններ ունենք: Մենք կարող ենք ճանաչել Աստծուն, լսել Նրա ձայնը, ընդունել Նրա սերը, վստահել, որ Նա կանի լավագույնը մեզ համար, և հանգիստ լինել՝ իմանալով, որ Նա վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառը: Մենք ունենք շատ պատճառներ ուրախանալու համար: Մենք խանդավառվում ենք բազում այլ բաներով, ուստի ինչո՞ւ չպիտի խանդավառվենք Աստծո հետ մեր փոխհարաբերությամբ:
Մարդիկ հաճախ ասում են, որ խանդավառության ցանկացած դրսևորում հոգևոր միջավայրում «գերհուզականություն» է: Ես վերջապես հասկացա, որ Աստվա՛ծ է տվել հույզեր, թեև Նա չի ցանկանում, որ առաջնորդվենք դրանցով, բայց տալիս է դրանք նպատակով, այդ թվում՝ վայելքի համար: Եթե իսկապես վայելում ենք Աստծուն, ապա ինչպե՞ս կարող ենք որոշակի հույզեր չցուցաբերել: Ինչո՞ւ պիտի մեր հոգևոր փորձառությունը չոր և ձանձրալի, միապաղաղ ու անկյանք լինի: Մի՞թե քրիստոնեությունը պետք է արտահայտվի երկար դեմքերով, տխուր երաժշտությամբ և մռայլ ծեսերով: Իհարկե՝ ո՛չ:
Այսօրվա խոսքում Դավիթն ասաց, որ ուրախ է Աստծո տուն գնալու համար: Թագավորաց Երկրորդ գրքի 6.14-ում նա պարում էր Տիրոջ առջև «ամբողջ ուժով»: Նա նաև քնար էր նվագում, երգում էր Աստծուն և ցնծալով ուրախանում: Բայց Դավիթն ապրում էր Հին ուխտում: Այսօր մենք ապրում ենք Նոր ուխտում, և ովքեր հավատում են Քրիստոսին, լի են հույսով, ուրախությամբ և խաղաղությամբ (տե՛ս Հռոմեացիների 15.13): Այլևս կարիք չկա պայքարելու կամ ջանք թափելու՝ Աստծո մոտ ընդունելի լինելու համար: Մենք ապավինում ենք այն շնորհքին, որի միջոցով Հիսուսը մեզ ընդունելի դարձրեց: Այլևս հարկ չկա, որ փորձենք ինքներս մեզ արդարացնել մեր գործերով. մենք արդարանում ենք հավատքով: Մենք կարող ենք լսել Նրա ձայնը և վայելել Նրա ներկայությունը: Մենք ազատվել ենք ամեն տեսակի գերությունից: Սրանք հրաշալի պատճառներ են խանդավառվելու և ցնծալու համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գրի՛ր տասը պատճառ, որոնք խանդավառում են քո փոխհարաբերությունն Աստծո հետ: