
«Եվ մի՛ տրտմեցրեք [մի՛ վիրավորեք կամ մի՛բարկացրեք կամ մի՛ տխրեցրեք] Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.30):
Այսօրվա խոսքը, նախորդող և հաջորդող խոսքերի համատեքստում, սովորեցնում է, որ մեր փոխհարաբերությունները կարևոր են Աստծո համար: Եթե մեր փոխհարաբերություններում մեզ վատ ենք պահում, ապա դա տրտմեցնում է Սուրբ Հոգուն:
Շատ անգամներ մենք ձևավորում ենք սովորություն՝ վատ վարվելու նրանց հետ, ովքեր մտերիմ են մեզ, հատկապես երբ լավ չենք զգում. քիչ ենք քնել, ծանր օր ենք ունեցել, վատ լուր ենք ստացել կամ հիասթափություն ենք վերապրել: Բայց Աստված ուզում է, որ միմյանց հետ լավ վարվենք ոչ միայն այն ժամանակ, երբ ցանկություն ունենք, այլ՝ մշտապես:
Ինքս ինձ հարցնում էի, թե ինչու եմ վատ վարվում ամուսնուս կամ երեխաներիս հետ, բայց ոչ՝ ուրիշների հետ: Սուրբ Հոգին ցույց տվեց, որ ես զսպում էի իմ բացասական հույզերն ու վերաբերմունքը, երբ գտնվում էի այն մարդկանց կողքին, որոնց վրա ուզում էի տպավորություն թողնել: Բայց երբ ընտանիքիս հետ էի, ինձ ազատ էի զգում և ակնհայտ ցույց տալիս բնավորությանս թերություններն ու հոգևոր մանկությունս: Ինքս ինձ համոզել էի, որ անկարող եմ զսպել ինձ, որ երբ նյարդայնանում եմ, պարզապես չեմ կարողանում վերահսկել ինձ: Ես այնքան հուսախաբված էի զգում, որ թվում էր, թե կպայթեի:
Երբ վրդովվում էի ֆինանսական դժվարություններից, աշխատանքային խնդիրներից կամ տան հետ կապված որևէ չնչին հարցից, հուսահատությունս և դժգոհությունս արտահայտվում էին ընտանիքի անդամների հետ փոխհարաբերություններում: Մեծ մասամբ բարկանում էի և նրանց հետ վատ վարվում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան էր պատահել, այլ որովհետև իմ ներսում չլուծված հարցեր կային: Աստված օգնեց դեմառդեմ կանգնել ճշմարտությանը. գոհությո՛ւն Նրան, ես ազատագրվեցի:
Փոխհարաբերությունները մեր մեծագույն արժեքներից են, և Աստված ուզում է, որ բարձր գնահատենք դրանք: Սուրբ Հոգին կօգնի, որ ճիշտ վարվենք մեր հուսախաբությունների հետ, երբ գնանք Նրա մոտ բաց սրտով՝ պատրաստ՝ դեմառդեմ կանգնելու այն ճշմարտությանը, որը Նա ցույց է տալիս:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ ստիպիր, որ ուրիշները հատուցեն քո ներքին հուսախաբությունների համար: