Միտք և բերան

Միտք և բերան

«… սրտի ավելացածից կխոսի բերանը» (ՄԱՏԹԵՈՍ 12.34):

Այսօրվա խոսքը հիշեցնում է մի կնոջ, որը ներկա էր իմ համաժողովներից մեկին: Նա մոտեցավ ինձ և ասաց, որ երբեք չի դադարում խնդիրների մասին մտածելուց և խոսելուց, թեև իրեն սովորեցրել են, որ չկենտրոնանա դրանց վրա: Նա գիտեր, որ պետք է դադարեր բացասական բաների մասին մտածելուց, բայց կարծես անզոր էր այդ անելու համար:

Այս կինը բռնության էր ենթարկվել: Նա հանդիպել է մի քանի այլ կանանց, որոնք նույն ցավն էին կիսում: Երբ նրանք զրուցել են, նա հասկացել է, որ այն, ինչ Աստված ասել էր իրեն, ասել էր նաև նրանց, բայց նրանք հնազանդվել էին, իսկ ինքը՝ ոչ: Այդ կանայք նորոգել էին իրենց միտքը Աստծո Խոսքով, մինչ այդ կինն ավելի էր խորացրել խնդիրները՝ հրաժարվելով հանել դրանք իր մտքից:

Ինչի վրա կենտրոնացնում ենք մեր միտքը, ի վերջո դա դուրս է գալիս մեր բերանից: Քանի որ այս կինը հրաժարվել էր Աստծուն հնազանդվելուց և չէր դադարել իր խնդիրների մասին մտածելուց ու խոսելուց, նա հայտնվել էր մի բանտում, որտեղից չէր կարողանում դուրս գալ:

Մենք փնտրում ենք այն, ինչի մասին մտածում ենք և խոսում: Այդ կինը կարող էր իր մտքերն ու խոսքերն օգտագործել Աստծուն փնտրելու համար, բայց փոխարենը դրանք վատնում էր այն բաների վրա, որոնցից փորձում էր ազատվել:

Ես քաջալերում եմ քեզ փնտրել Աստծուն՝ մտածելով և խոսելով Աստծո մասին ու խնդրելով Սուրբ Հոգուն, որ լցնի քո միտքն ու շուրթերը այն բաներով, որոնց վրա Նա ցանկանում է, որ կենտրոնանաս:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր մտածի՛ր այն բաների մասին, որոնք քեզ ուրախացնում են, այլ ոչ թե տխրեցնում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon