«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, որոնե՛ք և կգտնեք, դուռը թակե՛ք, և կբացվի ձեզ։ Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի»: ՄԱՏԹԵՈՍ 7.7,8
Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք հստակ կանոններ սահմանել այն թեմայի շուրջ, թե որքան հաճախ պետք է աղոթել միևնույն բանի համար: Բայց կարծում եմ, որ կան որոշ ուղեցույցներ, որոնք կարող են օգնել մեզ ունենալու ավելի մեծ վստահություն աղոթքի զորության մեջ:
Եթե իմ երեխաները որևէ բանի կարիք ունեն, ես ուզում եմ, որ նրանք վստահեն ինձ, որ ես կանեմ այն, ինչ խնդրել են ինձնից: Ես դեմ չեմ լինի և նույնիսկ ինձ դուր կգա, եթե նրանք ժամանակ առ ժամանակ ասեն. «Մայրի՛կ, ես անհամբեր սպասում եմ այդ նոր կոշիկներին»: Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ նրանք հավատում են, որ ես անելու եմ այն, ինչ խոստացել եմ: Նրանք, ըստ էության, հիշեցնում են ինձ իմ տված խոստումը, բայց այնպես, որ կասկածի տակ չդրվի իմ ազնվությունը:
Երբեմն երբ Աստծուց կրկին ու կրկին խնդրում ենք միևնույն բանը, դա կասկածի և անհավատության, այլ ոչ թե հավատքի ու հաստատակամության նշան է:
Երբ Տիրոջից աղոթքով որևէ բան եմ խնդրում և ավելի ուշ մտաբերում եմ այդ խնդրանքը, ես խոսում եմ Նրա հետ դրա մասին, բայց ձեռնպահ եմ մնում նույն բանը խնդրելուց, որովհետև հակառակ դեպքում կմտածեմ, թե Նա չի լսել ինձ, երբ առաջին անգամ աղոթել եմ դրա համար: Ես գոհանում եմ Տիրոջից, որ Նա աշխատում է այն իրավիճակի ուղղությամբ, որի համար ես աղոթել եմ, և ակնկալում եմ, որ Նա կանի լավագույնը: