«Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք և հիմա մարմնո՞վ եք վերջացնում»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 3.3
Պողոսը գաղատացիներին տվեց մի հարց, որը, կարծում եմ, կարևոր է, որ այսօր տանք ինքներս մեզ. «Քրիստոսում մեր նոր կյանքը Հոգով սկսելով՝ արդյո՞ք այժմ փորձում ենք ապրել այն մարմնով»:
Ինչպես որ փրկված ենք շնորհքով (Աստծո անվաստակելի բարեհաճությամբ) հավատքի միջոցով և ոչ թե մարմնի գործերով (տե՛ս Եփես. 2.8,9), այնպես էլ ամեն օր մոտենում ենք Աստծուն հավատքի միջոցով: Մենք կարող ենք սկսել մեր օրը՝ ասելով. «Տե՛ր, այսօր ես կրկին Քեզնից եմ կախված: Հարցը ոչ թե այն է, թե ինչ կարող եմ անել իմ ուժերով, այլ այն, թե ինչ ես Դու կանչել ինձ անելու Քո զորությամբ»:
Երբ փրկվեցինք, մենք ի վիճակի չէինք օգնելու ինքներս մեզ: Միայն հպարտությունը կամ պատշաճ գիտելիքների պակասը կարող է ստիպել մեզ, որ այսօր այլ կերպ մտածենք. մենք դարձյալ ի վիճակի չենք օգնելու ինքներս մեզ: Բայց գոհություն Աստծուն, մենք լիովին ի վիճակի ենք ապավինելու Աստծուն, որպեսզի լինենք այն, ինչ պետք է լինենք: Քանի դեռ նայում ենք Նրան, վստահում Նրա կատարյալ աշխատանքին մեր կյանքում, մենք կարող ենք հանգստանալ և իսկապես վայելել այն կյանքը, որի համար Հիսուսը մահացավ:
Մարմնով ապրելը՝ մեր ջանքերով ամեն բան անելը, տանում է հուսախաբության: Բայց Հոգով ապրելը՝ Աստծուն հնազանդվելը, վստահելը և ապավինելը, բերում է անասելի ուրախություն: Հաջորդ անգամ, երբ հուսախաբված զգաք, կարող եք կանգ առնել և ինքներդ ձեզ հարցնել, թե ինչ եք փորձում անել առանց Աստծո, և հավանաբար կգտնեք ձեր հուսախաբության աղբյուրը: