
«Եվ կեսգիշերին Պողոսը և Շիղան աղոթք անելով օրհնում էին Աստծուն, և բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում: Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ…և իսկույն բոլոր դռները բացվեցին, և ամենքի կապանքներն արձակվեցին»: —Գործք առաքելոց 16.25-26
Երբեմն այնպիսի սոսկալի խառնաշփոթ իրավիճակների մեջ ենք հայտնվում, որ դժվարանում ենք ևս մեկ րոպե սպասել ազատագրման և օգնության համար: Բայց մենք կարիք ունենք սպասելու Աստծուն և վստահելու Նրան պարզ ու մաքուր հավատքով: Այդ ժամանակ Աստված հանկարծակի շարժվում է՝ այն էլ այնպես, ինչպես երբեք չէինք պատկերացնի:
Պողոսը և Շիղան գիտեին սպասելու գաղտնիքը. նրանք լավ սպասեցին: Գործք 16-րդ գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես ամբոխը հարձակվեց նրանց վրա, ծեծեց և բանտը նետեց: 24-րդ խոսքն ասում է, որ բանտապետը «նրանց ներսի բանտը (զնդանը) գցեց և նրանց ոտքերը պնդացրեց կոճղում»: Պողոսն ու Շիղան կարծես չէին էլ մտահոգվում. նրանք պարզապես որոշեցին երգել ու երկրպագել Տիրոջը:
Հանկարծ Աստված երկրաշարժ ուղարկեց, որը բացեց բանտի դռները և արձակեց նրանց շղթաները: Նա նրանց ազատեց:
Երբ մարդիկ համբերությամբ և ակնկալիքով սպասում են Աստծուն սոսկալի հանգամանքների մեջ, հանկարծ Աստված ճանապարհ է բացում: Այնպես որ մի՛ հանձնվիր: Մի՛ դադարիր հավատալ: Մնա՛ հույսով ու սպասումով լի: Աստծո զորությունն անսահման է, ու Նա ճանապարհ կբացի քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, որքան էլ սոսկալի լինեն իմ իրավիճակները, ես ընտրում եմ փառաբանել Քեզ իմ բանտում: Ես գիտեմ, որ Դու ճեղքում կբերես ինձ համար և հանկարծակի կշարժվես, երբ լինի ճիշտ ժամանակը ինձ ազատելու համար: