Մի կողմ դի՛ր շեղող բաները

«Հոգովս քեզ եմ փափագում գիշերը, հենց իմ ներսի հոգով ես քեզ եմ բաղձանում…»: — Եսայի 26.9

Աշխարհում շատ բաներ կան, որոնք կարող են խեղդել Աստծո ձայնը և մղել Նրան մեր կյանքի ետին պլան: Այս շեղող հանգամանքներն ի հայտ են գալիս զանազան ձևերով՝ հեռուստատեսությունից մինչև ռադիո…կերակուրից մինչև սիրած զբաղմունքներ: Անգամ եկեղեցական գործունեությունը կարող է երբեմն շեղել կամ հեռացնել մեզ Տիրոջից:

Ինչևէ, յուրաքանչյուր մարդու համար գալիս է մի օր, երբ միայն Աստված է մնում: Կյանքում մնացած ամեն բան ի վերջո անցնում է, և այդ ժամանակ միայն Աստված է մնում:

Աստվածաշունչն ասում է, որ այն, ինչ հայտնի է Աստծո մասին, ակներև է բոլորին, քանի որ Նա իրեն հայտնել է մարդկանց ներքին գիտակցության մեջ (տե՛ս Հռոմեացիների 1.19-20): Յուրաքանչյուր մարդ մի օր կանգնելու է Նրա առջև ու հաշիվ է տալու իր կյանքի համար (տե՛ս Հռոմեացիների 14.12):

Երբ մարդիկ չեն ցանկանում ծառայել Աստծուն իրենց կյանքով ու ցանկանում են շարժվել իրենց ճանապարհներով, նրանք փորձում են թաքնվել և անտեսել Արարչի մասին իրենց բնազդային ներքին գիտությունը, այն Արարչի, ով ցանկանում է խոսել իրենց հետ և առաջնորդել այն ճանապարհով, որով նրանք պիտի գնան:

Աստծո հանդեպ մեր ներքին փափագը չի կարող բավարարվել ոչնչով, բացի Նրա հետ հաղորդությունից և ընկերակցությունից: Եսային լավ էր նկարագրում Աստծո հանդեպ մեր փափագը, երբ գրում էր. «Հոգովս քեզ եմ փափագում գիշերը, հենց իմ ներսի հոգով ես քեզ եմ բաղձանում…» (Եսայի 26.9):

Աստծուց լսելն էական է մեր կյանքում Նրա հավիտենական ծրագիրը վայելելու համար: Աստծուն լսելը մեր որոշումն է. ուրիշ ոչ ոք չի կարող այն մեր փոխարեն կայացնել: Աստված չի պարտադրի մեզ ընտրել Իր կամքը, բայց Նա կանի ամենը, ինչ կարող է, որպեսզի քաջալերի մեզ ասելու այո՛ Իր ճանապարհներին:

Այսպիսով՝ ի՞նչն է շեղում քեզ Նրան լսելուց: Անառողջ փոխհարաբերությո՞ւնը: Աշխատա՞նքը: Վատ սովորությո՞ւնը: Աստված խոսում է, և Նա ցանկանում է մտերմանալ քեզ հետ: Մի կողմ դի՛ր շեղող բաները և միացի՛ր Նրան:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Եսայի մարգարեի նման, իմ հոգին փափագում է Քեզ: Ես գիտեմ, որ կարիք ունեմ լսելու Քո ձայնը ավելի, քան որևէ այլ բան: Ես գիտեմ, որ երբ մի կողմ դնեմ շեղող բաները, Դու հավատարիմ կլինես ինձ հետ հանդիպելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon