Ուշացումը մերժում չէ

Ուշացումը մերժում չէ

«Իմ ժամանակը Քո ձեռքում է. փրկի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից» (ՍԱՂՄՈՍ 31.15):

Երբ աղոթում ենք, միշտ չէ, որ անմիջապես պատասխան ենք ստանում: Երբեմն ստիպված ենք երկար սպասել, բայց դա չի նշանակում, որ Աստված մերժում է մեր խնդրանքը: Շատ կարևոր է վստահել Աստծո ժամանակներին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են մեզ և մեր կյանքին: Գուցե երկար ժամանակ է՝ աղոթում ես և սպասում ճեղքման, իսկ Աստված լռում է, և այդ լռությունը խառնաշփոթություն է բերում քո կյանքում: Խնդրում եմ, հիշի՛ր. Աստված չէ խառնաշփոթության հեղինակը: Նա ուզում է, որ վստահես Իրեն, այլ ոչ թե շփոթվես:

Շատ ուշացումներ «աստվածային ուշացումներ» են: Դրանք նախատեսված են Աստծո կողմից՝ մեր մեջ անհրաժեշտ աշխատանք իրականացնելու համար: Եթե շարունակում ենք հավատարմորեն ծառայել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ շատ բաներ մեզ համար անհասկանալի են, մենք ձևավորում ենք ուժեղ աստվածահաճո բնավորություն: Մտածի՛ր Հովսեփի մասին, ով սպասեց տասներեք տարի՝ իր աղոթքների պատասխանը տեսնելու համար, կամ Աբրահամի մասին, ով սպասեց քսան տարի: Եթե նրանք հանձնվեին, երբեք չէին վայելի Աստծո հանդեպ ունեցած վստահության վարձքը: Հնարավոր է՝ Աստված շուտ չգա, բայց չի էլ ուշանա: Մեծ մասամբ այն, ինչ արժե ունենալ, սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջում, քան կարծում էինք, և ավելի դժվար է, քան ենթադրում էինք: Բայց, Աստված հստակ գիտի, թե ինչ է անում, և ուզում է, որ վստահես Իր ժամանակներին:

Աստված խոստանում է ազատել մեզ մեր թշնամիներից, բայց մինչ սպասում ենք, պետք է աղոթենք նրանց համար և լինենք օրհնություն, որքան հնարավոր է, շատ մարդկանց համար: Աստված գործում է, մինչ դու սպասում ես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սովորի՛ր խաղաղությամբ սպասել, այլապես կապրես թշվառության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon