
«Երբ որ ջրերից անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերով, դրանք քեզ չեն ողողի. երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չպիտի վառի»: ԵՍԱՅԻ 43.2
Երբ գիտենք, որ Աստված մեզ հետ է, կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Մենք երբեք չպետք է խուսափենք մեր խնդիրներից: Մենք կարող ենք գլուխներս բարձր, Աստծո զորությամբ և իմաստությամբ դիմավորել դրանց: Ցանկացած բան, որից թաքնվում ենք կամ փախչում, շարունակում է իշխանություն ունենալ մեզ վրա:
Երբեմն մենք պտտվում ենք միևնույն սարի շուրջը և հայտնվում այն իրավիճակում, որում հայտնվեցին իսրայելցիները, որոնք քառասուն տարի թափառեցին անապատում (տե՛ս Երկր. Օր. 2.1-3): Բայց որքան մոտենում ենք Աստծուն, այնքան վճռական ենք դառնում մեր սարերին դեմառդեմ կանգնելու և ամբողջ ճանապարհն Աստծո հետ անցնելու համար: Դա է հաղթանակի միակ ուղին: Դավիթը չփախավ Գողիաթից, նա վազեց նրան ընդառաջ Տիրոջ անունով:
Քաջալերում եմ, որ հրաժարվեք հանձնվելուց, որքան էլ դժվար թվան ձեր հանգամանքները: Հավատացե՛ք, որ Աստված ունի ծրագիր ձեր կյանքի համար, և աղոթե՛ք, որ Աստված տա ձեզ ուժ, որպեսզի շարունակեք մագլցել՝ անկախ նրանից, թե որքան բարձր է սարը թվում
Եվ ամենակարևորը, քաջալերում եմ, որ վճռական լինեք ճանապարհորդությունը վայելելու հարցում: Կյանքը վայելելը սրտի վերաբերմունք է, որոշում՝ բավականություն ստանալու ամեն ինչից, որովհետև Աստված կարող է օգտագործել ամեն ինչ, նույնիսկ թվացյալ դժվարությունները՝ Իր կատարյալ ծրագիրն իրականություն դարձնելու համար: