«Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել. եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, և Նրա սերը կատարյալ է մեզանում» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.12):
Մենք չենք կարող տալ այն, ինչ չունենք: Եթե երբեք չենք ընդունել Աստծո սերը ինքներս մեր հանդեպ, ապա անօգուտ է փորձել սիրել ուրիշներին: Մենք պետք է սիրենք ինքներս մեզ, բայց պահպանենք հավասարակշռություն և չկենտրոնանանք ինքներս մեզ վրա: Ես սովորեցնում եմ, որ մենք պիտի սիրենք ինքներս մեզ, ոչ թե սիրահարվենք մեզ:
Ինքդ քեզ սիրելու համար պարզապես պետք է հավատաս այն սիրուն, որ Աստված տածում է քո հանդեպ. իմանաս, որ այդ սերը հավիտենական է, անփոփոխ և ոչ պայմանական: Թո՛ւյլ տուր, որ Նրա սերը հաստատի քեզ և համակի վստահության զգացումով, բայց մի՛ մտածիր քո մասին ավելի բարձր, քան արժան է (տե՛ս Հռոմեացիների 12.3): Սիրել ինքներս մեզ՝ չի նշանակում սիրել մեր վարքագիծն ամբողջությամբ, այն նշանակում է, որ մենք սիրում և ընդունում ենք այն յուրահատուկ անձնավորությանը, որ Աստված ստեղծել է մեզ լինելու:
Կարծում եմ՝ երբ հավասարակշռված ձևով սիրում ենք ինքներս մեզ, թույլ ենք տալիս, որ Աստծո սերը հոսի մեր միջոցով դեպի ուրիշները: Եթե ողջամտորեն չընդունենք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ, ապա անկարող կլինենք անվերապահորեն սիրել մարդկանց: Գուցե նրանց հանդեպ կապվածության, հարգանքի կամ հումանիստական սիրո զգացում ունենանք, բայց անկեղծորեն սիրել չենք կարող, մինչև Աստված մեր մեջ չառաջացնի և չխթանի այդ սերը:
Սուրբ Հոգին սրբացնում է մեր սրտերը, որպեսզի կարողանանք թույլ տալ, որ Աստծո ճշմարիտ սերը մեր միջոցով հոսի դեպի ուրիշները (տե՛ս Ա Պետրոս 1.22): Սա Հոգով լցվելու դրսևորումներից է:
Աստված ուզում է, որ սեր ցուցաբերենք մարդկանց հանդեպ: Երբ մտածում ենք ուրիշների մասին և ուղիներ որոնում նրանց օրհնելու համար, շարունակում ենք լցված մնալ Սուրբ Հոգով, Ով սիրո Հոգի է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու հրաշալի բան ունես այսօր աշխարհին տալու. Աստծո սերը, որ քո մեջ է: