«Մեկն օրն օրից ավելի է համարում, իսկ մյուսն ամեն օր մեկ է համարում. ամեն մեկը թող իր միտքը հաճեցնի»: —Հռոմեացիների 14.5
Որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք պետք է մեր ամբողջ կյանքը տանք Աստծուն և հաճո լինենք Նրան ամեն բանում (Կողոսացիների 1.10): Մինչդեռ, մենք հակված ենք մտածելու, որ կյանքի սովորական, ամենօրյա պարտականություններն այլ են, քան առավել «հոգևոր» բաները, որոնք ստիպում են մեզ արդար և «սուրբ» զգալ Աստծո առաջ:
Մենք պետք է հասկանանք, որ իրականում տարբերություն չկա այսպես կոչված «սովորական» և «սուրբ» բաների միջև, միակ տարբերությունը մեր մտքում է: Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է ներկայացվի Տիրոջը, ու եթե մենք դա անում ենք սիրով լցված մաքուր սրտով, այն դառնում է սուրբ: Դու կարող ես սովորական հանձնարարություններ անել, օրինակ, մթերային խանութ գնալ, ու դա կլինի այնքան սուրբ, որքան աղոթքը, եթե դա անում ես Աստծո փառքի և պատվի համար:
Հռոմեացիների 14-ը գերազանց գլուխ է Աստվածաշնչում՝ այս ոլորտում ազատություն բերելու համար: 5-րդ և 6-րդ խոսքերի իմ անձնական թարգմանությունն այսպիսին է. մեկը աղոթքն ու Աստվածաշունչն ուսումնասիրելն ավելի սուրբ է համարում, քան սովորական առաջադրանքները, մինչդեռ այն մարդը, ով իսկապես ազատ է Տիրոջ մեջ, երկուսն էլ նույն կերպ է համարում (սուրբ), որովհետև ինչ էլ անում է, անում է՝ ի պատիվ Տիրոջ:
Կյանքդ մասամբ Աստծուն տալու փոխարեն՝ այսօր ընտրություն կատարի՛ր Աստծո առաջ սուրբ համարել այն ամենը, ինչ անում ես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ իմ ամբողջ կյանքը սուրբ լինի, այլ ոչ թե դրա մի մասը: Ես իմ բոլոր ամենօրյա գործողությունները ներկայացնում եմ Քեզ: Ես ապրում եմ իմ կյանքը՝ պատվելով Քեզ: