Աղոթի՛ր ամեն ժամանակ

Աղոթի՛ր ամեն ժամանակ

«Ամեն աղոթքով և աղաչանքով աղո՛թք արեք ամեն ժամանակ (ամեն պարագայում, մշտապես) Հոգով…» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.18):

Այսօրվա խոսքում Պողոսը հորդորում է աղոթել ամեն պարագայում՝ հետևելով Սուրբ Հոգու ուղղորդմանը՝ տարբեր իրավիճակներում օգտագործելով աղոթքի տարբեր տեսակներ: Բայց ինչպե՞ս «աղոթք անենք ամեն ժամանակ»: Մենք դա անում ենք՝ առօրյայում պահպանելով գոհության վերաբերմունք և լիովին կառչելով Աստծուց, առօրյա գործերում մեր մտքերը կենտրոնացնելով Նրա վրա և ամեն իրավիճակում ականջ դնելով Նրա ձայնին: Հավատում եմ, որ Աստված իսկապես ուզում է, որ աղոթքը մեզ համար դառնա կենսակերպ, և ցանկանում է օգնել մեզ, որ այլևս աղոթքին չվերաբերվենք որպես միջոցառման, այլ՝ որպես ապրելակերպի, ներքին գործունեության, որը հենասյուն է այն ամենի համար, ինչ անում ենք: Նա կամենում է, որ մշտապես խոսենք Իր հետ և լսենք Իրեն. աղոթենք ամեն օր՝ մեր սրտերը միացած պահելով Նրա սրտի հետ և մեր ականջները ընկալունակ դարձնելով Նրա ձայնին:

Հաճախ, երբ լսում ենք աղոթքի կարիքի կամ մտածում ինչ-որ իրավիճակի մասին, ինքներս մեզ ասում ենք. «Երբ աղոթեմ, կաղոթեմ նաև դրա համար»: Այս միտքը թշնամու խորամանկ գործելակերպերից է: Ինչո՞ւ չաղոթել հենց այդ պահին: Մենք նույն պահին չենք աղոթում, քանի որ աղոթքի մասին սխալ պատկերացում ունենք: Ավելի հեշտ կլիներ, եթե պարզապես հետևեինք մեր սրտին, բայց սատանան ուզում է բարդացնել աղոթքը: Նա ուզում է, որ հապաղենք՝ այն հույսով, որ լիովին կմոռանանք այդ մասին: Աղոթի՛ր՝ երբ ունես աղոթքի ցանկություն կամ կարիք. այսպես մենք կարող ենք մշտապես աղոթել և Աստծո հետ կապի մեջ մնալ ամբողջ օրվա ընթացքում և ամեն իրավիճակում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ հետաձգիր Աստծո հետ խոսելը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon