«Ճշմարի՛տ եմ ասում Քրիստոսում և սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ [լուսավորված և մղված] Սուրբ Հոգով վկայում է ինձ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 9.1):
Այսօրվա խոսքում Պողոսը գրում է Սուրբ Հոգուց «մղված» լինելու մասին: Աստված խոսում է մեզ հետ նաև մղումների կամ հուշումների միջոցով, որոնք տրվում են Սուրբ Հոգուց:
Թույլ տվեք գործնական օրինակ բերել: Երբեմն Աստված մղում է ինձ անելու հասարակ բաներ, ինչպես օրինակ՝ բարձրացնել խանութում կախիչից ընկած հագուստը: Ես չեմ լսում Նրա ֆիզիկական ձայնը, որը հորդորում է ինձ վարվել այդպես, բայց ներքին մղում, ցանկություն եմ ունենում ավելի լավ վիճակում թողնելու այն վայրը, որտեղ ոտք եմ դրել: Տերն օգտագործում է իմ հնազանդությունը, որպեսզի սովորեցնի Իր բնավորության մասին: Նա ասում է. «Այն ամենը, ինչ անում ես կյանքում, նման է սերմ ցանելուն: Դու կհնձես այն, ինչ ցանես»: Եթե ես ցանեմ կատարելության սերմեր, ապա կարող եմ ակնկալել, որ իմ կյանքում հրաշալի բաներ կկատարվեն:
Մեկ այլ օրինակ. վերջերս Սուրբ Հոգին մղեց ինձ էլեկտրոնային նամակով քաջալերանքի խոսք հղել մի կին ծառայողի: Տարիներ շարունակ ճանաչել եմ նրան և երբեք այդպիսի ցանկություն չեմ ունեցել, բայց ես հետևեցի Սուրբ Հոգու առաջնորդությանը և շուտով այդ կնոջից ստացա պատասխան, որում նա ասում էր, որ իմ քաջալերանքն այդ պահին հաստատություն էր այն որոշումների համար, որ նա կայացնում էր:
Աստծո մղումներով առաջնորդվելը հետաքրքիր փորձառություն է, որը թարմությամբ և խանդավառությամբ է լցնում մեր կյանքի յուրաքանչյուր օրը: Երբ սովորում ենք լսել Աստծուց, պետք է ուշադրություն դարձնենք այս մեղմ, ներքին մղումներին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եղի՛ր զգայուն Սուրբ Հոգու «մղումների» հանդեպ, որքան էլ դրանք աննշան թվան: