Գերբնական

Գերբնական

Մեզնից շատերն են ծանոթ, այսպես կոչված, սուպեր-հերոսների մասին պատմող պատմություններին: Դրանք այնպիսի գրական հերոսներ են, ինչպիսին է, օրինակ, Սուպերմենը: Վերջինս արտասովոր հզոր է և միշտ սլանում է` փրկելու նրան, ով ունի իր օգնության կարիքը: Հիասքանչ է, այնպես չէ՞:

Ինչ վերաբերում է մեզ, ապա որպես քրիստոնյաներ՝ մեր կյանքում ունենք ավելի մեծ Մեկին՝ Սուրբ Հոգուն:

Երբ Քրիստոսին ընդունում ենք որպես մեր Փրկիչ, Սուրբ Հոգին բնակություն է հաստատում մեր մեջ: Բառացի՝ Աստված յուրաքանչյուրիս Իրենից մի փոքրիկ մաս է տալիս: Այսպիսով, ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Աստծո ամբողջ զորությունը, ուժը, հանգստությունը, ստեղծագործական լինելը և օգնությունն ամեն ժամանակ հասանելի են դառնում մեզ: Նա մեր իրական կյանքի սուպերհերոսն է:

Հովհաննեսի 16.7-ում Հիսուսը տարբեր բառեր է օգտագործում Սուրբ Հոգու անհավատալի աշխատանքը նկարագրելու համար: Ահա այդ բառերը՝ Մխիթարիչ, Խորհրդատու, Օգնական, Փաստաբան, Բարեխոս, Զորացնող և Հենարան: Տեսնենք, թե ինչ է սա նշանակում մեր կյանքի համար:

 

Մխիթարիչ

Իմ կարծիքով, մեծագույն դասերից մեկը, որ պետք է սովորենք, խնդիրների ժամանակ Աստծո մոտ վազելն է: Երբ ցավ ենք ապրում, շատ հաճախ օգնության համար դիմում ենք այլ մարդկանց, որպեսզի հայտնաբերենք, որ նրանք էլ ունեն կարիքներ` ինչպես մենք:

Աստվածաշունչն ասում է, որ Տերն է մխիթարության Աստվածը (տե՛ս Բ Կորնթ. 1.3): Սուրբ Հոգին, որ բնակվում է մեր ներսում, մեզ ավելի լավ գիտի, քան որևէ մեկը: Ուստի, երբ կյանքը ցավոտ է, Նա կարողություն ունի ուժ և բժշկություն բերելու  այնտեղ, որտեղ մենք ցավ ունենք: Այո՛, Աստված հաճախ օգտագործում է այլ մարդկանց, որպեսզի մեզ մխիթարի, բայց առաջինն Աստծո մոտ վազելը դուռ է բացում` մեզ հնարավորինս օգնելու համար:

Խորհրդատու

Ուղղակի զարմանալի է, թե ինչ կարող է պատահել, երբ մենք օգնություն և պատասխաններ խնդրենք Սուրբ Հոգուց մեր խնդրի համար:

Վերջերս ես իսկապես թուլություն և հյուծվածություն էի զգում: Երբ Աստծուն էի փնտրում, Նա ցույց տվեց, որ ես բավականաչափ չէի սնվում, ուստի, իմ արյան շաքարի քանակն արագ նվազում էր: Ես վերանայեցի սննդակարգս, և ամեն բան կարգավորվեց: Երբ ավելի ուշ բժշկի դիմեցի, նա հաստատեց, որ հենց դա էր խնդրի պատճառը:

Կարծում եմ, որ մենք միշտ այս ու այն կողմ ենք ընկնում՝ պատասխաններ գտնելու համար, մինչդեռ Աստված ամբողջ ընթացքում ունի մեր հարցերի պատասխանները: Սուրբ Հոգին մեր Խորհրդատուն է, և երբ փնտրում ենք Նրան, Նա ակնթարթորեն կարող է մեզ համար բացահայտել բաներ, որ ինքներս երբեք չէինք հայտնաբերի:

 

Օգնական

Գիտե՞ս, որ Սուրբ Հոգին կամենում է օգնել քեզ կյանքիդ ամեն մանրուքի մեջ: Գուցե դու ինձ պե՞ս ես: Տարիներ շարունակ ես կարծում էի, որ բնական է Տիրոջ առջև բերել լուրջ խնդիրները, բայց չէի կամենում անհանգստացնել Նրան փոքրիկ բաներով:

Ճշմարտությունն այն է, որ Սուրբ Հոգին մտահոգված է այն ամենով, ինչը քեզ է վերաբերում, անկախ նրանից՝ դա փոխհարաբերությունների պես կարևոր խնդի՞ր է, թե՞ առավոտյան մազերդ հարդարելու պես պարզ մի բան:

«Օգնի՛ր ինձ»-ն այսօր իմ ամենասիրելի աղոթքներից մեկն է դարձել: Եվ որքան շատ  ճանաչենք Սուրբ Հոգուն ու խնդրենք Նրա օգնությունը, այնքան ավելի շատ կհայտնաբերենք Նրա ներկայությունն ու կարողությունն այն ամենի մեջ, ինչ անում ենք:

 

Փաստաբան

Աստվածաշունչն ասում է, որ սատանան մեր թշնամին է: Անշուշտ, նաև գրված է, որ նա «եղբայրներին մեղադրողն է» (Հայտնություն 12.10): Բայց բարի լուրն այն է, որ  մենք Փաստաբան ունենք՝ Սուրբ Հոգուն, Ով միջնորդում է մեզ համար:

Նա  ոչ միայն մեր փաստաբանն է Աստծո մոտ, այլ ուղեկցում է մեզ՝ օգնելով և պաշտպանելով: Օգնում է նաև, որ շնորհք գտնենք մարդկանց առջև՝ երբ դրա կարիքը կա: Ինչ իրավիճակում էլ լինես, կարող ես մխիթարվել՝ իմանալով, որ Աստված քո կողմից է:

 

Բարեխոս

Ես չգիտեմ, թե ինչպես կընթանար աղոթքիս կյանքն առանց Սուրբ Հոգու: Աստվածաշունչն ասում է, որ Նա ոչ միայն բարեխոսում է մեզ համար Հոր մոտ, այլ նաև օգնում է, որ աղոթենք Իր կամքի համաձայն այնպես, երբ ինքներս էլ չգիտենք, թե ինչպես (տե՛ս Հռոմ. 8.26):

Կորնթացիների առաջին թղթի 2.11-ում գրված է, որ ոչ ոք չգիտի Տիրոջ միտքը, բայց միայն Սուրբ Հոգին: Սա նշանակում է, որ անկախ իրավիճակից, Սուրբ Հոգին կարող է ճիշտ ժամանակին առաջնորդել մեզ ճշմարիտ աղոթքի մեջ:

 

Զորացնող

Եսայի 40.29-ում գրված է, որ Աստված հոգնածին ուժ է տալիս և կարողություն չունեցողի վրա զորություն է շատացնում:

Ես երբեք օրս չեմ սկսում առանց Սուրբ Հոգուն խնդրելու, որ ինձ զորացնի և՛ ֆիզիկապես, և՛ հոգևորապես, և, ընդհանրապես, ամեն հարցում: Կապ չունի, թե որքան ուժեղ ենք, տաղանդավոր կամ կարող, մեզնից յուրաքանչյուրն Աստծո զորության կարիքն ունի, որպեսզի իրագործի Նրա կամքը և վայելի Աստծուց տրված կյանքը:

Քաջալերում եմ` ամեն օր խնդրի՛ր, որ Սուրբ Հոգին զորացնի քեզ: Երբ աղոթես, Նա քեզ եռանդով կլցնի քո աշխատանքի մեջ, կօգնի, որ դիմակայես գայթակղությանը, լինես բարի, սիրես մարդկանց և հաջողություն ունենաս: Ես հայտնաբերել եմ, որ նույնիսկ կարճ աղոթքը Աստծո զորությունն է բերում մեր կյանք:

 

Հենարան

Ի՞նչ է նշանակում ունենալ Սուրբ Հոգուն՝ որպես Հենարան: Տարիներ առաջ Աստված ինձ մի սարսափելի օրինակ ցույց տվեց: Նա ասաց. «Մտածի՛ր այսպես. եթե դու երբևէ եղել ես ինքնաթիռում, ապա պարզապես սպասում ես մինչև մուտքը բացվի, իսկ հետո օգտվում ես հնարավորությունից: Այդպես էլ Սուրբ Հոգին է կողքիդ կանգնած՝ պարզապես սպասելով, թե երբ մեր մուտքը կբացվի դեպի մեր կյանք: Նա սպասում է, որ մենք խնդրենք Իր մխիթարությունը, խորհուրդը, ուղղորդումը և օգնությունը»:

Ընկերնե՛ր, ուզում եմ, որ իմանաք. Տերը ծածկում է ձեզ: Իմ կարծիքով՝ մեզնից շատերը հակված են մտածել հետևյալ կերպ. «Օ՜հ, ես չեմ ցանկանում Տիրոջն անհանգստացնել այս հարցով»: Բայց ճշմարտությունն այն է, որ այն Միակը, Ով քեզ լավագույնս գիտի, հենց այն Մեկն է, Ով ամենաշատը կարող է քեզ օգնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon