Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Որքա՞ն ուժեղ է հավատքդ

Ջոյս Մայերը

Որքա՞ն ուժեղ է հավատքդ

Արդյո՞ք ունես հավատք: Միգուցե մտածում ես՝ ոչ, կամ էլ ունեցածդ հավատքն այնքա՜ն թույլ է:

Խորհի՛ր դրա շուրջ: Երբևէ թռչել ես ինքնաթիռով` առանց հանդիպելու օդաչուին: Կամ կերե՞լ ես մի ճաշ, որը չգիտես, թե ով է պատրաստել:

Հավատք, որ արդեն ունես

Որպես քրիստոնյաներ՝ մենք որոշակի հավատք ունենք: Հռոմեացիների 12-րդ գլխում գրված է, որ մեզնից յուրաքանչյուրին տրված է հավատքի չափ: Մենք ամեն ժամանակ ուղղորդվում ենք հավատքով՝ նույնիսկ առանց այդ մասին մտածելու:

Օրինակ, ձեզնից ոմանք, ովքեր այս հոդվածն ընթերցում են, ունեն երեխաներ, ում դպրոց են ուղարկում ամեն օր: Դա որոշակի հավատք է պահանջում: Նույնպես, մեզնից յուրաքանչյուրը որոշակի հավատքի կարիք ունի` ամեն անգամ խցանման ժամանակ մեքենա վարելիս:

Եթե նույնիսկ հոգևորում քեզ հսկա չես զգում, դու կարող ես հուսալ Աստծո Խոսքին, ըստ որի՝ որպես հավատացյալ, քո ներսում կա հավատքի չափ:

Արդյո՞ք հավատքդ զուտ խոսքեր են

Ձեզնից ոմանք կարող են ասել. «Ես ունեմ հավատք, ես հավատում եմ Հիսուսին»: Անկեղծ ասած՝ մի բան է ասել, որ ունես հավատք, բայց այլ բան է՝ գործի դնել ունեցածդ հավատքը կյանքի մարտահրավերների ժամանակ:

Երբ կյանքում փոթորիկներ են լինում (իսկ դրանք լինում են բոլորի կյանքում), արդյո՞ք քեզ դրսևորում ես հանգիստ ու հավաքված, թե՞ թույլ ես տալիս վախին՝ գերիշխել հավատքիդ: Արդյո՞ք իրավիճակը Տիրոջն ես հանձնում  ամբողջությամբ, թե՞ ինքդ ես փորձում գլուխ ջարդել:

Ամեն բան էլ կարող է պատահել

Մեզ համար հեշտ է մտածել, թե մեծ հավատք ունենք, երբ ամեն բան լավ է և ընթանում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, կամ էլ` երբ մի նոր բան է տեղի ունենում մեր կյանքում, ու այն դառնում է հուզիչ:

Բայց միշտ էլ ինչ-որ բան է պատահում: Ինչպե՞ս է հավատքդ արձագանքում տվյալ իրավիճակին:

Մենք շարժվում ենք հավատքով ամեն ժամանակ և նույնիսկ չենք էլ մտածում այդ մասին: Խոսքս չի վերաբերում տեղի ունեցող մեծ, դրամատիկ ճակատագրական դեպքերին միայն, այլ  նաև այն փոքրիկ բաներին, որոնք կարող են քեզ շեղել ուղուց:

Օրինակ, վերջերս ես համաժողովի էի մասնակցում, որի հերթական փուլի ավարտին ինձ սպասում էր իմ Սթարբաքս սուրճը, որը ես շատ եմ սիրում: Սուրճը լցված էր սթարբաքսյան հայտնի մեծ բաժակի մեջ, որն էլ այն բավականին երկար ժամանակ  տաք է պահում: Այն արծաթագույն է, և ես սիրում եմ սրճելիս՝ օգտվել դրանից:

Ինչևէ, երբ կոնֆերանսի ավարտից հետո գնացի սուրճս խմելու, ինչ-որ մեկն այն գողացել էր: Թե՛ սուրճը, թե՛ դրա հետ մատուցվող սերուցքը տարել էին:

Տեսնում եք, որ ամեն բան էլ կարող է պատահել:  Եթե տարիներ առաջ նման բան պատահեր, ես հունից դուրս կգայի: Ես կգոչեի. «Օ՜, Տե՛ր, ինչո՞ւ է ինձ հետ նման բան կատարվում: Սատանան միշտ ինձ է ընտրում. արդար չէ այսպես…»: Բայց ես հավատքս պահեցի և որոշեցի, որ միջադեպն իրականում բավականաչափ զվարճալի է: Ապա մտածեցի հետևյալը. «Միգուցե որևէ մեկը մաքրել է տարածքը և մտածել,  որ կարևոր բան է անում: Տեսնո՞ւմ եք, ես կիրառեցի մի բան, որն Աստվածաշունչն է սովորեցնում՝ մտածել լավագույնը մարդկանց մասին: Դրա համար նույնպես հավատք է անհրաժեշտ:

Ինչպե՞ս գործի դնել հավատքը

Հավատքը պետք է գործի դնել: Դու կարող ես ունենալ հավատք, բայց նույնպես պետք է կարողանաս կիրառել այն: Եթե չօգտագործես մկաններդ, դրանք կթուլանան և կկծկվեն: Հավատքը չօգտագործելը նույնն է, ինչ հավատք չունենալը:

Երբ նստում ես աթոռին, դու հավատում ես, որ այն չի կոտրվի: Դու չես սկսում քրտնել ու դողալ վախից՝ ասելով. «Օ՜, ես վախենում եմ նստել այս աթոռին: Չգիտեմ՝ կարո՞ղ եմ նստել, թե՞ ոչ»: Սա մի թեթև օրինակ էր՝ ասածս բացատրելու համար: Դու պարզապես ընկնում ես աթոռին, որովհետև դու հավատքի չափ ունես:

Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, արդյո՞ք քեզ գցում ես Հիսուսի գիրկը և ասում. «Խնդրո՛ւմ եմ, հոգա՛ այս մասին, և հավատում եմ, որ կհոգաս»:

Արդյո՞ք աղոթքի միջոցով գործի ես դնում հավատքդ՝ համաձայնելով Աստծո Խոսքին, խոստումներին, և առանց ենթադրություններ անելու` անում ես այն, ինչ Նա է ասում: Հենց սա՛ է հավատքդ դործի դնելու ճանապարհը:

Հանձնի՛ր իրավիճակը Հիսուսին և վստա՛հ եղիր, որ Նա կառավարում է ամեն բան: Քո կյանքը կտրուկ կփոխվի, երբ գործի դնես հավատքդ: Մի՛ պահիր քո սրտում, այլ փորձիր գործածել այն, և կզարմանաս, թե ինչ կանի Տերը քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon