Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Հույսի բանտարկյալներ

Ջոյս Մայերը

Հույսի բանտարկյալներ

Աստված բարի է և բարի ծրագիր ունի մեզնից յուրաքանչյուրի կյանքի համար: Կարևոր չէ, թե այժմ ինչ է կատարվում, որովհետև քայլ առ քայլ հայտնի է դառնում Տիրոջ ծրագիրը:

Միևնույն ժամանակ Հռոմեացիների 12.12-ում գրված է, որ ցնծանք մեր հաստատ հույսով, համբերատար լինենք անհանգստության ժամանակ և շարունակենք աղոթել:

Կարծում եմ, սա լավ խորհուրդ է, հատկապես այն պահերին, երբ թվում է, թե անընդհատ սպասման մեջ ենք, և շուտով ինչ որ բան տեղի կունենա մեր կյանքում: Նման իրավիճակում հույսն էապես կարևոր է և կօգնի մեզ առաջ նայել` սպասելով այն ամենին, ինչի համար հույս ունենք:

Տարիների ընթացքում սովորել եմ ինքս ինձ փակել հույսի բանտում՝ իմանալով, որ Աստված լավագո՛ւյնն է պատրաստել ինձ համար: Նա խոստումներ է տվել՝ կապված իմ ծառայության ու կյանքի հետ: Հույսն օգնեց ինձ՝ դիմանալ այդ վաղ ժամանակներում, երբ ամեն բան բարդ էր:

Ակնկալիք

Հիշում եմ՝ դեռ երեք շաբաթ էր, ինչ ամուսնացել էի Դեյվի հետ, երբ մի օր նա  հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել: Այնքան բացասական վերաբերմունք ես դրսևորում»: Իսկ ես ասացի. «Եթե որևէ լավ բանի ակնկալիք չունենաս, ապա չես հիասթափվի, երբ սպասումդ չիրականանա»: Ահա թե ինչպես էի զգում ինձ՝ հիմնվելով անցյալիս փորձառության վրա: Ես շատ բացասական աշխարհայացք ունեի կյանքի նկատմամբ, ուստի՝ բացասական էի խոսում այդ մասին:

Ահա թե ինչպես էի սովոր ապրել` մինչև  դարձա «հույսի բանտարկյալ»: Աստծո հետ իմ փոխհարաբերությունների զարգացմանը զուգընթաց ես սովորեցի՝ ինչպես վստահել Նրան, ինչպես կառչել Նրա Խոսքից և հարատևել աղոթքի մեջ, երբ իրավիճակը դժվարանում է: Այսօր կյանքի հանդեպ իմ ունեցած աշխարհայացքը բոլորովին տարբերվում է տարիներ առաջ իմ ունեցած աշխարհընկալումից: Հիմա ես վայելում եմ կյանքը և քաջալերում մարդկանց՝ նույնն անել: Հիսուսը մահացել է, որ մենք ավելցուկով կյանք ունենանք, իսկ հույսը հենց այդ կյանքի հաստատ ու նպաստավոր ակնկալությունն է:

Կրկնակի փոխհատուցում ներկայիս դժվարության դիմաց

Ես իսկապես գիտակցում եմ, որ մեր կյանքում կարող են տեղի ունենալ շատ բաներ, որոնք բնավ վայելքներ չեն:  Հենց դա էլ բարդացնում է կյանքը վայելելու գաղափարի ընկալումը: Ուստի, ճիշտ կլինի այսպես մտածես` ինչի՞ հույս ունես, ի՞նչ ակնկալիքներ ունես կյանքից, ինչի՞ ես սպասում. կենտրոնացիր ա՛յս հարցերի վրա:

Իմ բացասկան աշխարհընկալման պատճառը կյանքումս տեղի ունեցած վատ երևույթներն էին: Ես ընկղմված էի անցյալի ցավի մեջ, ուստի չէի էլ հավատում, որ  ապագայում որևէ լավ բան կարող է պատահել: Իմ կյանքում տեղի ունեցած  բացասական դեպքերի պատճառով ես հակված էի մտածել, որ դրանք միշտ էլ լինելու են: Ես կորցրել էի հույսս:

Իհարկե, Աստված ներկա էր ու գիտեր այդ մասին: Բայց այդ ընթացքում Նա շարունակում էր սիրել ինձ ու հոգ տանել իմ մասին՝ խոստանալով այն, ինչ գրված է Եսայի 61.7-ում․ «Ձեր ամոթի փոխարեն կրկնապատիկ ուրախություն և անարգանքի փոխարեն պիտի ցնծան իրենց բաժնի վրա, սրա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրենց երկրում, հավիտենական ուրախություն են ունենալու նրանք»: Այս խոստումը բոլորիս համար է:  Քո դժվարության փոխարեն կրկնակի օրհնություն, կրկնակի ուրախություն և կրկնակի խաղաղություն: Ալելուի՜ա: Արդյոք այս խոսքը ձեզ հույս չի՞ ներշնչում:

Հույս

Քաջալերում եմ քեզ, որ որոշում կայացնես քո կյանքում հույս տածող վերաբերմունք մշակելու համար: Դրակա՛ն խոսիր քո ապագայի մասին և հրաժարվի՛ր բացասականից: Գուցե ո՛չ միշտ հույսով լցված կզգաս, բայց տեղի չտաս զգացմունքներիդ: Վատ զգացմքունքներին տեղի տալով՝ դրանց սնում ու զորացնում ենք: Բայց ամուր կանգնելով և բացասական զգացմունքներին տեղի չտալով՝ մենք դրանց ճնշում ենք և թույլ չենք տալիս, որ իշխեն մեզ: Պարզապես խնդրի՛ր Սուրբ Հոգուն՝ առաջնորդել քեզ: Կամքդ համապատասխանեցրո՛ւ Նրա կամքին և եռանդով ծառայի՛ր Տիրոջը: Դու  կարող ես դառնալ մեկը, ով կոգեշնչի մյուսներին՝ դառնալ «հույսի բանտարկյալ»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon