Աստված բարկացած է ինձ վրա և նմանատիպ այլ առասպելներ. մաս 2

Աստված բարկացած է ինձ վրա և նմանատիպ այլ առասպելներ. մաս 2

Մեր ընթացքի մեջ ժամանակ առ ժամանակ բախվել ենք այն գաղափարին, թե Աստված բարկացկոտ է: Ավելին, շատերը նույնիսկ մտածել են, թե Աստված բարկացած է իրենց վրա: Ոչինչ չէր էլ կարող ճշմարտությունից այսքան հեռու լինել:

Մենք սիրող Աստծո ենք ծառայում: Եթե նույնիսկ Նրան դուր չեն գալիս մեր  արարքները, Նա երբեք չի դադարում սիրել մեզ: Ցանկացած հավատալիք այն մասին, թե Աստված բարկացած է՝ առասպել է:

Առաջին մասում մենք խոսեցինք մի շարք սխալ հավատալիքների մասին, որոնք մարդկանց տանում են այն կարծիքին, թե Աստված բարկանում է: Ահա մի քանի այլ հավատալիքներ էլ, որոնք անտեղի տխրություն են բերում մարդկանց կյանքում:

Իմ հայրը բարկացկոտ մարդ էր: Աստված էլ է նրա պես

Եթե որևէ մեկը բարկացկոտ հայր է ունեցել, բնական է, որ նա Աստծուն էլ կդիտարկի՝ որպես բարկացկոտ: Հուսով եմ, դուք այն օրհնյալներից եք, ովքեր հիանալի հայր են ունեցել, բայց շատերի համար դա այդպես չէ:

Մեր կյանքի ամենահրատապ կարիքներից մեկը ապահովության զգացողությունն է: Բայց այն երեխաները, ովքեր հայր չեն ունեցել կամ մեծացել են շահագործող ու ցասկոտ հայրերի հետ, հաճախ իրենց ապահով չեն զգում: Նրանք միշտ ապրում են մոտալուտ վտանգի վախով, որ կարծես կախված է իրենց գլխին:

Բայց Աստված մարդ չէ: Եթե հայրդ լքել է քեզ, իմացի՛ր, որ Տերը քեզ երբեք չի լքի: Եթե հայրդ շահագործող կամ ցասկոտ մարդ է եղել, ապա քո Երկնային Հայրը կամենում է քեզ կրկնակի պարգև տալ քո անցյալի անհանգստությունների փոխարեն (տե՛ս Եսայի 61.7)

Կարևոր չէ, թե որքան անհավատարիմ է եղել հայրդ քո հանդեպ: Ես քեզ հորդորում եմ, որ թույլ չտաս, որ դա ավիրի կյանքդ: Որոշում կայացրու հավատալ, որ քո Երկնային Հայրը հավատարիմ է և սիրում է քեզ սրտանց:

Դժվար թե Աստված կարողանա ներել ինձ

Սատանան հիշում է նույնիսկ մեր ամենափոքր սխալը և անում է ամեն բան, որպեսզի ամեն անգամ հիշեցնի մեզ այդ մասին: Նա զգոն է իր ջանքերի մեջ, որ մեր ամոթի ճնշման ներքո` պահի մեզ վախի մեջ:

Ամենքս էլ մեղք ենք գործում և պակասում ենք Աստծո փառքից: Ոչ ոք անմեղ չէ, և երբեմն բոլորս էլ մեղավորության զգացում ենք ունենում: Բայց երբ ներում ստանալուց հետո պահում ենք այդ ինքնամեղադրական զգացումը, այն վերածվում է ամոթի: Ամոթն ու մեղավորության զգացումը ստիպում են մեզ ենթադրել, որ Աստված զայրացած է, և այսպես մենք հեռանում ենք Նրա ներկայությունից և չենք ապրում այն կյանքը, որ Աստված ունի մեզ համար:

Մենք պետք է հասկանանք, որ Աստված ներում է ոչ թե մասամբ կամ թերի, այլ՝ կատարելապես: Մի պահ կա՛նգ առ ու մտածի՛ր այն վատագույն բանի մասին, որ երբևէ արել ես: Հիմա գիտակցի՛ր, որ դու ամբողջովին ներված ես: Աստծո բարությունն ավելին է, քան մեր գործած մեծագույն մեղքը: Այս լուրը պետք է որ թեթևության զգացում բերի մեզ, և ուրախության սարսուռ անցնի մեր մարմնով:

Աստված պատժում է ինձ

Ոմանք կարծում են, թե իրենց ունեցած խնդիրների պատճառն այն է, որ Աստված բարկացած է իրենց վրա որոշակի մեղքի համար: Լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում.  «Ես վատ բաներ եմ արել և չգիտեմ՝ արդյո՞ք Աստված պատժում է ինձ անցյալիս համար»:  Նմանատիպ պնդումները ցույց են տալիս, որ մարդիկ սխալ պատկերացում ունեն Աստծո մասին: Նա մեզ չի պատժում անցյալի մեղքերի համար՝ մեր կյանքում վատը թույլ տալով:

Մեր խնդիրները չեն նշանակում, որ Աստված բարկացած է մեզ վրա: Մենք աշխարհում ենք, իսկ Հիսուսն ասել է, որ այստեղ խնդիրներ կունենանք: Նա նաև հորդորում է մեզ՝ ուրախ լինել, որովհետև Ինքը հաղթել է աշխարհին (տե՛ս Հովհ. 16.33): Փորձության ու դժվարության պահին դրական մնալն ու Աստծո բարությանը հավատալը թույլ չի տա կորցնել մեր ուրախությունը: Յուրաքանչյուր դժվարություն, որի միջով անցել եմ՝ օգնել է անցնել մյուսի միջով ավելի լավ ձևով: Աստված հավատարիմ է, ուստի շարունակի՛ր վստահել Նրան, դժվար պահերին ևս:

Աստված բարկացած չէ քեզ վրա

Եթե Աստծո ողորմությունը չլիներ՝ Նա ստիպված կլիներ բարկանալ մեզ վրա, քանի որ Նրա սրբությունը արդարություն է պահանջում մեր մեղքի դեմ: Մեղքը քավելու համար զոհ է պետք, բայց շնորհիվ Իր ողորմության՝ Նա Ինքը զոհեց Իր Որդու կյանքը: Հիսուսը կրեց այն պատիժը, որին մենք էինք արժանի մեր մեղքերի համար, և հիմա էլ հոգատարություն ու օրհնություն է առաջարկում՝ մեր մեղքերի դիմաց փոխհատուցում պահանջելու փոխարեն:

Երբ սկսես ամբողջությամբ հասկանալ Նրա շնորհքը, ներողամտությունը, ողորմությունն ու անմնացորդ սերը, դու վստահ կլինես, որ Նրա վերաբերմունքը քո հանդեպ գթառատությունն է, ոչ թե զայրույթը: Ես վստահեցնում եմ, որ անկախ այն բանից, թե ինչ մեղքեր ես գործել կամ ինչպիսի սխալ պատկերացում ունես Աստծո մասին, Նա երբեք չի դադարի քեզ սիրել: Աստված բարկացած չէ քեզ վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon