Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Լինել մենակ չի նշանակում լինել միայնակ

Ջոյս Մայերը

Լինել մենակ չի նշանակում լինել միայնակ

Մարդկանց հանդիպող մեծագույն խնդիրներից մեկն այսօր միայնության զգացումն է: Իմ շուրջերկրյա ճանապարհորդությունների ընթացքում նկատում եմ, որ միայնության դեմ օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը հետզհետե աճում է:

Աստվածաշնչում Աստված մեզ ասում է, որ մենք միայնակ չենք: Նա ցանկանում է մեզ ազատագրել, մխիթարել ու բժշկել: Բայց երբ մարդիկ ցավալի կորուստներ են ունենում, ցավոք, շատերն այդպես էլ չեն վերականգնվում: Երբեմն, երբ հանկարծահաս ողբերգություն է տեղի ունենում, ցավն անտանելի է թվում: Առանց օգնության` միայնության զգացումը կարող է բնակություն հաստատել տվյալ մարդու կյանքում կամ ընտանիքում, և թվում է, թե այն այլևս չի գնա:

Միայնության շատ պատճառներ կան, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ պարտավոր չեն ընդմիշտ ապրել այդ զգացումով: Միայնությունը դրսևորվում է որպես ներքին ցավ, դատարկություն կամ հիվանդության տենչ: Դրա հետևանքներն են՝ դատարկության զգացումը, անօգտակարությունը կամ աննպատակ լինելը:

Դու մենա՞կ ես (անկախ ես կամ առանձնացել ես քո կամքով), թե՞ միայնակ (մեկուսացած կամ վհատված, որովհետև ոչ մեկին չունես կողքիդ): Շատ հստակ տարբերություն կա: Կարևոր է գիտակցել, որ եթե մենակ ես, չի նշանակում, որ միայնակ ես կամ տառապում ես միայնության զգացումից: Եթե միշտ չէ, որ կարողանում ենք խուսափել մենակ լինելուց, ապա միայնության դեպքում միշտ առկա են պատասխաններ: Շատ անգամ միայնության պատճառ են դառնում սիրելի մարդու կորուստը, ամուսնալուծությունը կամ բաժանումները: Երբ այնպիսի բան է պատահում, որ գիտակցում ենք՝ այլևս առաջվանը չի լինի, հաճախ դա դառնում է խոշոր վնասվածքի պատճառ, որն էլ տանում է դեպի միայնության զգացում և ընկճախտ:

Լավացող վերքի պես՝ ցավը կարող ես դեռ երկար ժամանակ զգալ, բայց ամբողջական վերականգնումը պահանջում է ամենօրյա բարելավում: Երբ ֆիզիկական վերքը չի լավանում, նշանակում է՝ վարակ կա, որը պետք է կանխել: Ես կարծում եմ, որ նույնը կարելի է ասել զգացմունքային վերքերի մասին: Մեր զգացմունքային աշխարհը պետք է լինի առողջ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիակականը: Աստված մեզ զգացմունքներ է տվել ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական մարմին: Նա մեր զգացմունքների վերականգնումն ապահովել է Իր մեջ ճիշտ այնպես, ինչպես մեր ֆիզիկական վերականգնումը: Ճիշտ է, դու կարող ես միշտ կարոտել այն մեկին, ում կորցրել ես, բայց դա չի նշանակում, որ պետք է տառապես մշտատև միայնությունից:

Ահա երկու քայլ, որ պետք է անել` միայնությունից ձերբազատվելու համար.

  • Իմացի՛ր, որ Աստված ամեն ժամանակ քեզ հետ է: Աստվածաշնչում Աստված հիշեցնում է, որ մեզ հետ է և երբեք չի թողնի (տե՛ս Եբր. 13.5): Միայնության զգացումից դրդված՝ հաճախ ինքներս մեզ այնպիսի հարցեր ենք տալիս, որոնց պատասխանները չունենք: Օրինակ՝ իսկ եթե ես միայնակ մնամ իմ ամբողջ կյանքում, կամ եթե այն ցավը, որ վերապրում եմ, երբեք չանցնի, կամ   այնպիսի խնդիր ծագի, որ միայնակ չկարողանամ գլուխ հանել, իսկ եթե… իսկ եթե… իսկ եթե: Նմանատիպ հարցերը կարող են անվերջ շարունակվել: Հավանականությունը մեծ է, որ երբեք քո եթե-ների պատասխանը չես ունենա: Բայց եթե վստահ լինես, որ Աստված քեզ հետ է, ապա կարող ես հանգիստ լինել, որովհետև Նա ունի այն հարցերի պատասխանները, որոնց կարիքը զգում ես:
  • Անխնա մղվի՛ր դեպի նոր կյանք: Ամեն բան ավարտված չէ քո կյանքում, ընդամենը դրա մի հատվածն է ավարտվել: Անցավ մի շրջան, իսկ նորը շուտով կսկսվի, եթե ինքնակամ գործի անցնես: Հենց այնպես մի՛ նստիր ու սպասիր, որ մի բան տեղի կունենա կամ նոր մարդ կհայտնվի: Գնա՛ ու նոր ծանոթություններ հաստատիր: Գտի՛ր մեկին, ով իրեն միայնակ  է զգում և դարձի՛ր նրա ընկերը: Դու կհնձես այն՝ ինչ ցանես, իսկ Աստված կորցրած ընկերությունդ քեզ նոր կերպով կփոխհատուցի:

Թո՛ւյլ տուր, որ միայնության զգացումը վերածվի կարեկցանքի այն մարդկանց համար, ովքեր իրենց միայնակ են զգում` ինչպես դու, իսկ հետո որոշիր՝ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon