Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Վախից դեպի ներողամտություն

Ջոյս Մայերը

Վախից դեպի ներողամտություն

Ես մոտավորապես 45 տարեկան էի և դեռ տառապում էի այն ցավալի շահագործումից, որը վերապրել էի մանկությունից սկսած, մինչև որ անհասկանալի փափագ զգացի՝ դիմակայելու հորս: Աստված ցույց էր տալիս, որ ինձ շահագործողին դեմ առ դեմ դուրս գալը՝ վախի շղթան կոտրելու միջոցն էր իմ կյանքում:

Ինձ համար դա բավականին բարդ էր, որովհետև գիտեի, որ որպես պատասխան, կրկին վերապրելու եմ նրա զայրույթը: Բայց ի վերջո արեցի այն, ինչ Աստված էր կամենում, որն էլ օգնեց ինձ ազատ լինել:

Մենք միշտ պետք է անենք այնպես, ինչպես առաջնորդում է Տերը, անկախ այն բանից, թե հակառակ կողմն ինչպես կարձագանքի դրան:

Ընթերցողներց շատերն իհարկե չեն առնչվում այնպիսի մարդու հետ, որի մասին ես խոսում եմ, բայց անշուշտ հանդիպում եք բարկացած մարդկանց: Ձեզնից ոմանք էլ փոխհարաբերվում են բարկացկոտ մարդու հետ:
Քանի որ բարկացկոտ մի մարդ տարիներ շարունակ թելադրել էր կյանքս, ես բարկացած էի ու զայրույթս արտահայտում էի բառերի կամ վերաբերմունքի միջոցով: Զայրույթս հաճախակի էր դրսևորվում, երբ ծրագրերս չէին ընթանում այնպես, ինչպես ես էի ուզում: Ես սխալ էի և Աստծո հետ հանդիպման կարիք ունեի:

Լավագույն բանը, որ իմ ամուսին Դեյվն ինձ համար արել է, այն էր, որ նա թույլ չէր տալիս, որ իմ զայրույթն իրեն դժբախտացներ: Նա ինձ երբեք թույլ չէր տալիս՝ գողանալ իր ուրախությունը: Նա ցույց էր տալիս, որ եթե ուզում եմ դժբախտ մնալ՝ դա իմ որոշումն է, բայց նա երջանիկ է լինելու՝ անկախ այդ ամենից: Երկար ժամանակ նա հաստատակամ էր, և ես ի վերջո հասկացա, որ շատ բան եմ բաց թողնում իմ կյանքում. ես փոխվելու կարիք ունեի:

Դարձի՛ր օրինակ ցավ ապրող մարդկանց համար

Քանի որ երբեք կայուն մթնոլորտում չէի ապրել, ես չգիտեի նույնիսկ, թե ինչպիսին է այն: Դեյվն ինձ համար կայուն մարդու օրինակ էր, որը շատ կարևոր էր ինձ համար: Եթե նա պարզապես ասեր՝ «հերի՛ք է բարկանաս», ու իմ զայրույթին զայրույթով պատասխաներ, չեմ կարծում, թե երբևէ կփոխվեի: Ինչպես ասում են՝ երկու սխալից ճիշտ չի ծնվի:

Համաձայն Աստծո Խոսքի՝ զայրույթին զայրույթով չպետք է պատասխանենք, ոչ էլ չարին՝ չարով կամ վիրավորանքին՝ վիրավորանքով (տե՛ս Ա Պետր. 3.9):

Ես քաջատեղյակ եմ, որ այս մասին կարդալն ավելի դյուրին է, քան անելը: Բայց Տերը տալիս է անհրաժեշտ ուժ՝ անելու այն, ինչ Ինքն է կամենում, եթե ինքնակամ հնազանդվում ենք: Աստված ունի մեր յուրաքանչյուր խնդրի պատասխանը, և Նրա ճանապարհները միշտ գործում են, եթե մենք համագործակցում ենք Նրա հետ:

Միայն Աստված կարող է փոխել մարդկանց

Ես հավատացած եմ, որ բարկացկոտ մարդու համար լավագույն բանը, որ կարող եք անել, օրինակ ծառայելով ցույց տալն է, որ ավելի լավ ճանապարհ կա ապրելու և գործելու: Բայց ոչ ոք չի փոխվի, քանի դեռ չի կամենում: Եթե փորձես ինքդ փոխել  մարդկանց՝ կհիասթափվես: Միայն Աստված է փոխում մարդկանց ամբողջությամբ և անում է դա Իր ժամանակին:

Ուստի, աղոթի՛ր այն մարդկանց համար, ովքեր պայքարում են զայրույթի դեմ, և եղի՛ր խաղաղության ու կայունության օրինակ նրանց համար:

Թույլ մի՛ տուր, որ վիրավորված մարդիկ դժբախտացնեն քեզ

Երբ կոնֆերանսների ժամանակ ասում եմ, որ չպետք է թույլ տանք, որ մեկ ուրիշի վերաբերմունքը որոշի մեր ուրախության մակարդակը, ես միշտ զարմանահրաշ պատասխաններ եմ ստանում: Մարդկանց դեմքից կարող եմ տեսնել, որ ոմանք հենց այդպես էլ վարվել են՝ առանց գիտակցելու, որ այլընտրանք ունեին:

Արդյո՞ք կարող ենք երջանիկ լինել, երբ մեզ շրջապատող մարդիկ բարկացած կամ դժբախտ են:

Այո՛, կարող ենք, եթե մտադրվենք այդպես վարվել: Պարզապես նրանց ներկայությամբ բարյացակա՛մ եղիր, վստահեցրո՛ւ նրանց, որ սիրում ես իրենց, կամենում ես, որ երջանիկ լինեն, սակայն թույլ մի՛ տուր, որ նրանց որոշումները թելադրեն քո կյանքը: Այլ կերպ ասած՝ կախված մի՛ եղիր մեկ այլ մարդու վերաբերմունքից:

Համագործակցի՛ր Աստծո հետ, որպեսզի ելք ունենաս:

Հույսդ մի՛ կորցրու բարկացկոտ մարդկանց պատճառով: Նրանք ակնհայտորեն վիրավորված են, կամ իրենց անցյալում կա մի բան, որն անընդհատ բարկացնում է իրենց: Շարունակեք աղոթել, որ նրանք տեսնեն ճշմարտությունը և քայլեն Տիրոջ լույսի ներքո: (տե՛ս Մատթ. 7.7):

Ես հավատում եմ, որ երբ աղոթում ենք, երբեմն անմիջապես պատասխան ենք ստանում, երբեմն էլ թվում է, թե մի ամբողջ կյանք աղոթում ենք. նվիրվի՛ր աղոթքի կյանքին ու գոհացի՛ր Տիրոջից, որ գործում է այդ մարդկանց կյանքում նույնիսկ այն ժամանակ, երբ տեսանելի արդյունքներ դեռ չկան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon