Երբ Տիրոջ ժամանակները երկար են թվում

Երբ Տիրոջ ժամանակները երկար են թվում

Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքում լավ բաներ տեղի ունենան, բայց շատ հաճախ հենց հիմա՛ ենք ցանկանում: Երբ այդպես չի լինում, մենք հակված ենք լինում հարցնել` ե՞րբ, Տե՛ր, ե՞րբ: Եթե խաղաղություն և ուրախություն չունես, ուրեմն չես վստահում Աստծուն: Եթե միտքդ անընդմեջ հյուծված է, ուրեմն Աստծուն չես վստահում:

Կյանքում տեղի ունեցող ամեն ինչ հասկանալու հակումը կարող է վճռորոշ լինել մեր քրիստոնեական ընթացքի համար: Երբեմն ամեն բան իմանալը կարող է անհարմար ու նույնիսկ ցավոտ լինել քեզ համար: Իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ  անհամբերատարության, հուսահատության ու հուսալքության մեջ, որովհետև կային շատ բաներ, որոնք չգիտեի: Աստված ստիպված էր սովորեցնել ինձ` ամեն բան հանգիստ թողնել ու ընդունել այն փաստը, որ ընդհանրապես պարտադիր չէ, որ ամեն բան իմանամ: Վերջապես սովորեցի վստահել այն Մեկին, Ով ամեն բան գիտի, և ընդունել, որ որոշ հարցեր կարող են այդպես էլ պատասխան չունենալ: Մենք ապացուցում ենք, որ Աստծուն վստահում ենք, երբ հրաժարվում ենք անհանգստանալ:

Աստված կամենում է, որ զանազանությամբ ապրենք, այսինքն՝ հայտնության գիտությամբ, ոչ թե մեր իմացածով: Դժվար է զանազանությամբ ապրել, եթե  անընդհատ վերլուծում ես ամեն ինչ: Բայց երբ դու կամավոր ասես. «Տե՛ր, ես չեմ կարողանամ հասկանալ սա, բայց շարունակում եմ վստահել Քեզ, որ կտաս այն հայտնությունը, որն ինձ ազատ կարձակի», ապա հանգիստ կլինես նույնիսկ չիմանալու ժամանակ: Աստծուն վստահելը հաճախ պահանջում է, որ չիմանաս, թե ինչ ճանապարհով է, և երբ է լուծելու քո խնդիրը: Մենք հաճախ ենք ասում` Աստված երբեք չի ուշանում, բայց Նա չի էլ շտապում: Ինչո՞ւ: Որովհետև սպասման ժամանակը Նա օգտագործում է մեր հավատքն ընդլայնելու համար, որ փոփոխություն ու աճ բերի մեր կյանքերում:

Սպասի՛ր համբերատարությամբ

Մենք սպասման համար շատ ժամանակ ենք ծախսում, որովհետև փոփոխությունը ժամանակ է պահանջում: Շատերն են փոփոխություն կամենում, բայց չեն ցանկանում անցնել սպասման գործընթացի միջով: Սակայն ճշմարտությունն այն է, որ պետք է սպասենք: Հարցն այն է` ճի՞շտ ուղղությամբ ենք սպասում, թե՞ սխալ: Եթե սխալ կերպով ենք սպասում, ապա խղճալի կլինենք, բայց եթե որոշենք Աստծո՛ ճանապարհին սպասել, համբերատար կդառնանք ու կվայելենք սպասման ժամանակը: Դա պետք է երևա գործնականում, բայց երբ թույլ տանք Աստծուն` օգնել մեզ ամեն իրավիճակում` համբերատարություն կզարգացնենք, որը քրիստոնեության ամենակարևոր առաքինություններից մեկն է: Համբերատարությունը Հոգու պտուղ է (տե՛ս Գաղատ. 5.22): Այն զարգանում է միայն փորձության ժամանակ, ուստի չպետք է փախչենք դժվար իրավիճակներից: «Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակոբոս 1.4):

Երբ մենք համբերատարություն ենք զարգացնում, Աստվածաշունչն ասում է, որ  կատարյալ բավարարված ենք զգում մեզ ու ոչնչի կարիք չենք ունենում: Նույնիսկ Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունները առաջընթացի կարիք են զգում: Իմ ներկայիս և վաղ քրիստոնյա ժամանակվա փոխհարաբերություններն Աստծո հետ տարբեր են: Իհարկե, խանդավառության տեսանկյունից այդքան էլ հուզիչ չէ, բայց շատ ավելի ամուր է: Ցանկացած փոփոխություն, որի միջով անցել եմ, ինձ ավելի հասուն, ամուր ու հաստատուն են դարձրել: Անցնելով շատ իրավիճակների միջով, որոնք վստահություն են պահանջում, մենք Աստծուն վստահել ենք սովորում: Ամեն անգամ տեսնելով Աստծո հավատարմությունը՝ դադարում ենք ինքներս մեզ վստահելուց ու աստիճանաբար մեր հույսն Աստծո վրա ենք դնում: Եթե Նա մեր յուրաքանչյուր խնդրանքը միանգամից կատարեր, երբեք չէինք հասունանա ու զարգանա: Աստծո ժամանակները և Նրան վստահելը գործում են միասին:

Ընդունի՛ր Աստծո ժամանակը

Աստված հույսեր ու երազանքներ է տալիս, որպեսզի որոշակի բաներ կատարվեն մեր կյանքում: Միշտ չէ, որ Նա Իր ժամանակի ճշգրտությունն ասում է: Չնայած հուսահատեցնող է, բայց հենց այդ ճշգրիտ ժամանկն է, որ պահում է մեզ Նրա ծրագրի մեջ: Երբեմն գուցե հանձնվեինք, եթե իմանայինք, թե որքան պետք է սպասենք, բայց երբ ընդունում ենք Աստծո ժամանակը, կարող ենք սովորել` ապրել հույսով ու վայելել մեր կյանքը, քանի դեռ Աստված աշխատանք է տանում մեր խնդիրների հետ: Մենք գիտենք, որ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար բարի է, և երբ ինքներս մեզ վստահում ենք Իրեն, ապա կարող ենք ակնկալել կատարյալ խաղաղություն ու երջանկություն:

Ծննդոց գիրքը պատմում է Հովսեփի մասին, ով երկար տարիներ սպասեց, մինչև  Աստված իրականացրեց այն երազը, որ ցույց էր տվել նրան: Նրան սխալմամբ մեղադրել ու բանտարկել էին, մինչև որ ժամանակը հասավ, որպեսզի անի այն, ինչ Աստված ցույց էր տվել: Ելից 13.17,18-ում գրված է, որ Աստված իսրայելցիներին առաջնորդեց երկար ու դժվար ճանապարհով, մինչև որ հասցրեց նրանց Խոստացված երկիրը, որովհետև գիտեր, որ ժողովուրդը դեռ պատրաստ չէր մտնել այնտեղ: Նրանց վարժեցնելու համար ժամանակ էր հարկավոր, ուստի նրանք անցան մի շարք դժվարությունների միջով: Շատ ժամանակ վատնեցին՝ հետաքրքրվելով Աստծո ժամանակի մասին, բայց Նա նույնիսկ մի վայրկյան չդադարեց հոգ տանել նրանց մասին ու ցույց տալ իր ճանապարհները: Նույնը վերաբերում է մեր կյանքին: Երկար տարիներ անցան այն բանից հետո, երբ 1976 թվականի փետրվարին Աստծո կանչը զգացի իմ կյանքում, բայց տարիներ անցան, մինչև կարողացա տեսնել այն ամենի իրագործումը, ինչի համար Աստված ինձ կանչել էր: Աստծո նախապատրաստման ժամանակահատվածը մեզնից պահանջում է անել այն, ինչ Նա է ասում՝ առանց վերլուծության և քննարկման:

Սովորի՛ր վստահել Աստծուն

Առակաց 16.9-ում գրված է. «Մարդու սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տե՛րն է հաստատում»: Առակաց 20.24-ում գրված է. «Տիրոջի՛ց է մարդու քայլերի հաջողությունը, ուրեմն մարդն ի՞նչ է հասկանում իր ճանապարհից»: Երբ Աստված է առաջնորդում մեր ճանապարհներում, երբեմն տանում է այնպիսի շավիղներով, որոնք անիմաստ են թվում մեզ: Միշտ չէ, որ ամեն ինչ կհասկանանք: Եթե փորձենք ամեն ինչի բացատրությունը գտնել, ներքին պայքարների, շփոթության ու խղճալի իրավիճակում կհայտնվենք: Դրա փոխարեն ավելի լավ ճանապարհ կա. Առակաց 3.5,6-ում գրված է. «Տիրո՛ջն ապավինիր քո ամբողջ սրտով, ու քո հասկացողությանը մի՛ վստահիր: Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: Այնքան պարզ է այս ամենը, սակայն շատերն են ընկնում ամեն բան ինքնուրույն վերլուծելու սխալի մեջ: Շատերս ապրել ենք մեր կյանքը` փորձելով հոգ տանել ինքներս մեր մասին, բայց երբ ընդունում ենք Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ, պետք է սովորենք վստահել մեր կյանքն Իրեն: Երբ սա անենք, սաղմոսերգուի պես կարող ենք ասել. «Բայց ես Քեզ եմ հուսացած, ո՛վ Տեր, ասում եմ՝ Դո՛ւ ես իմ Աստվածը: Իմ ժամանակը Քո ձեռքերում է» (Սաղմոս 31.14,15):

Ա Պետրոս 5.5-ում գրված է. «Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»: Ցանկացած մարդ, ով կարծում է, որ ինքնուրույն ու ինքնակամ է, կսթափվի, որովհետև Հիսուսն ասաց. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել (տե՛ս Հովհ. 15.5): Խոնարհությունը ծածկոց է, որն Աստծո օգնությունն է բերում մեզ վրա ու պաշտպանում, երբ ինքներս խոնարհեցնում ենք մեզ՝ ասելով. «Տե՛ր, շուտով փրկի՛ր մեզ»: Աստված թույլ չի տա, որ ինքնուրույն հաջողություն ունենանք, մինչև չվստահենք Իրեն: Բայց երբ խոնարհեցնենք ինքներս մեզ Աստծո ամենազոր ձեռքի տակ, ճիշտ ժամանակին մեզ կբարձրացնի (տե՛ս Ա Պետր. 5.6): Այդ ճիշտ ժամանակը հենց Աստծո՛ ժամանակն է, երբ Նա գիտի, որ պատրաստ ենք, ոչ թե որ մենք ենք կարծում, թե պատրաստ ենք: Որքան շուտ հասկանանք ու ընդունենք սա, այնքան շուտ Աստված Իր ծրագիրը կիրականացնի մեր կյանքերում:

Ցանքից դեպի բերքահավաք

Ժողովող 3.1-ում գրված է. «Ամեն բանի ժամանակ կա, և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության»: Սա թույլ է տալիս իմանալ, որ բոլորս միևնույն ժամանակահատվածում չենք ապրում: Դու չպե՛տք է նախանձես մեկին, ով արդեն իր բերքն է վայելում, իսկ դու դեռ ցանելով ես զբաղված: Հիշի՛ր, որ նրանք էլ են անցել ցանելու ժամանակահատվածը` ինչպես և դու: Տեսնելով նրանց բերքի արդյունքը՝ դու պետք է քաջալերվես ու հույսով լցվես: Հասկացի՛ր ու վստահի՛ր, որ Աստված քո ընթացիկ ժամանակահատվածում լավագույնն է անում: Ցանելու հատվածը նկարագրում է Աստծո կամքը սովորելը: Ամեն անգամ, երբ ես Աստծո կամքն եմ ընտրում սեփական կամքիս փոխարեն, բարի սերմ եմ ցանում, որն արդյունքում բերք կբերի իմ կյանքի մեջ: Եթե կամենում ես հաղթող լինել, ապա չպե՛տք է ներքաշվես աշխարհիկ համակարգի մեջ՝ անելով այն, ինչի հավեսն ունես: Հակոբոս 1.21-ում գրված է, թե ինչ պետք է անենք. «Սրա համար ամեն աղտեղություն ու չարության առավելությունը դե՛ն գցեք և խոնարհությամբ ընդունեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր անձերն ապրեցնել»:

Քո անձը կամ շունչը` քո միտքը, կամքը և զգացմունքներն են: Երբ Խոսքն արմատ է գցում այնտեղ ու սկսում է փոխել միտքդ, այն սկսում է բժշկել զգացմունքներդ ու քո կամքը ինքնակամությունից դարձնում է դեպի Աստծո կամքին հնազանդվելը: Քո անձից կամ շնչից դուրս ապրելը նման է անապատում թափառելուն: Երբ ես խաչին եմ գամում մարմինս ու փորձում և՛ կամքով, և՛ զգացմունքներով, և՛ մտքով Աստծո կամքը կատարել, մտնում եմ իմ խոստացված երկիրը: Խոստացված երկիրն այն է, երբ գիտես, թե ով ես Քրիստոսի մեջ, գիտես` ինչպես ընկերանալ Նրա հետ, գիտես վայելել Նրա ներկայությունը, խաղաղությունը, ուրախությունն ու նվիրումը: Ցանելու և հնձելու միջև ընկած է սպասման ժամանակահատվածը: Երբ սերմը ցանվում է, հողի ջերմությունը, ճնշումն ու օգտակար նյութերը ստիպում են, որ սերմնապսակը պատռվի ու ծլարձակի: Արմատները մխրճվում են հողի մեջ ու շարունակում են խորանալ: Դրա համար ժամանակ է հարկավոր: Հողի մակերեսից չես տեսնում, թե ինչ է կատարվում ներքևում: Մեր կյանքն էլ հենց այդպես է: Երբ մենք հնազանդության սերմ ենք ցանում, թվում է, թե ոչինչ էլ չի կատարվում, բայց ամեն բան հենց ներսում է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում: Եվ ինչպես սերմն է հողի տակից դուրս գալիս կանաչազարդված, այնպես էլ մեր հնազանդության սերմերն են Աստծո գեղեցիկ կամքի տեսքով դրսևորվում մեր կյանքում:

Երբ գալիս է հնձելու ժամանակը, սկսում են իրականանալ քո սրտի ցանկությունները: Կապանքներն ընկնում են, տեսնում ես երազանքներիդ իրականացումը: Դու տեսնում ես, թե ինչպես են փոխվում զավակներդ ու փրկվում ընտանիքդ:

Բարգավաճումը, հաջողությունը, առաջընթացը, պատիվը և այլ շատ բաներ դուրս են գալիս հողի տակից և տեսանելի դառնում: Հունձքի ժամանակ առավել քան երբևէ, լսում ես Աստծո ձայնը, վայելում ես Նրա ներկայությունը և առաջնորդվում ես Սուրբ Հոգով: Օրհնությունները սկսում են վազել ետևիցդ, իսկ ուրախությունն ու հանդարտ վայելքը դառնում են քո սովորական տրամադրությունը: Հոգնե՞լ ես   հունձքին սպասելուց: Հուսահատորեն բղավում ես. «Ե՞րբ, Տե՛ր, ե՞րբ»: Ուրեմն պետք է հասկանաս, որ Աստծո ժամանակը հաճախ գաղտնիք է լինում: Նա ամեն բան մեր ժամացուցակով չի անում: Այդուհանդերձ, Նրա Խոսքն ասում է, որ Նա չի ուշանա նույնիսկ մեկ օր: «Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է իր վախճանին, և չի ստիլ, եթե ուշանա էլ, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և ետ չի մնա» (Ամբակում 2.3):

Աստծո շնորհիվ ամեն բան տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Քո մասը չէ` ժամանակն իմանալը, այլ հաստատակամ վճռելը, որ չես հանձնվի, մինչև չհատես վերջնագիծը ու ապրես Աստծո արմատական ու հիմնական օրհնությունների մեջ: Որքան շատ վստահես Հիսուսին ու հայացքդ ուղղես Նրան, այնքան շատ կյանք կունենաս: Աստծուն վստահելը կյանք է բերում, իսկ հավատալը՝ հանգիստ: Այսպիսով, դադարի՛ր ամեն բան վերլուծելուց, և թո՛ւյլ տուր, որ Աստված լինի քո կյանքի Տերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon