Ի՞նչ անել, եթե հոգնել ես դաժան պայքարից

Ի՞նչ անել, եթե հոգնել ես դաժան պայքարից

Արդյոք նկատե՞լ ես, թե օրվա ընթացքում որքան տարբեր բաներ են անցնում մտքովդ: Ոմանք լավն են, ոմանք՝ վատը: Դժբախտաբար մեր էությունն այնպիսին է, որ մենք հակված ենք կենտրոնանալու վատ բաների վրա, որովհետև վատ մտքեր ընդունելու համար ջանք չի պահանջվում: Ջանքեր պահանջվում են այն ժամանակ, երբ մենք վճռում ենք վանել բացասական մտքերը և ընդունել դրականը:

Մտքերիդ համար մղվող պատերազմը

Հավատքով ու հույսով լի միտքը ծնում է դրական կյանք: Հակառակ երևույթն էլ կա. բացասական միտքը՝ լի վախով ու կասկածով, ծնում է բացասական կյանք, որը քայլ առ քայլ գնում է դեպի կործանում: Ոմանք այնքան շատ են վիրավորվել, որ կարծում են, թե չեն կարող ևս մեկ դժվարություն կրել: Այդ պատճառով հրաժարվում են հուսալ, որպեսզի այլևս չհիասթափվեն:

Մեր մտքում ամեն օր պատերազմ է ընթանում: Երբ մենք զգում ենք, որ այն դժվար է, ու մոտ ենք հանձնվելուն, պետք է հակառակվե՛նք բացասական մտքերին ու վճռականությամբ վե՛ր բարձրանանք մեր խնդիրներից: Չպե՛տք է կանգ առնել:

Երբ կասկածն ու վախը ռմբակոծում են մեր միտքը, պետք է ասենք. «Ես երբեք չե՛մ հանձնվելու: Աստված իմ կողմից է: Նա սիրում և օգնում է ինձ: Ես կանցնե՛մ սրա միջով»:

Չհանձնվե՛ս

Անկախ այն բանից, թե որքան կթեժանա ճակատամարտը քո մտքում՝ չհանձնվե՛ս: Կանգնի՛ր ու վերանվաճի՛ր այն տարածքները, որոնք թշնամին գողացել է քեզնից: Նույնիսկ, եթե դա ընդամենը մեկ մատնաչափ տարածք է, վստա՛հ եղիր, որ դու հենված ես Տիրոջ շնորհքի վրա, ոչ թե սեփական կարողությանդ:

 

Գաղատացիների թղթի 6.9-ում Պողոսը հորդորում է մեզ՝ շարունակել: Մի՛ եղիր ճանապարհի կեսից կանգնող: Մի՛ պահիր նախկին՝ հանձնվողի հոգին: Աստված այնպիսի մարդկանց է փնտրում, ովքեր կհամարձակվեն վեր բարձրանալ  բացասականից ու ձգտել դրականին:

 

Ինչի միջով էլ անցնելիս լինես հենց հիմա, ուզում եմ քաջալերել, որ մնաս դրական ու հրաժարվես հանձնվել: Աստված քեզ հետ է: Նա կօգնի հոգևոր առաջընթաց ունենալ՝ զորացնելով ու խրախուսելով, որպեսզի շարունակես կանգուն մնալ դժվար պահերին: Հեշտ է հանձնվել, բայց դեպի հաղթանակ գնալու համար հավատք է պահանջվում:

Վերածրագրավորի՛ր միտքդ

Երբ ճակատամարտն անվերջ է թվում, և դու մտածում ես, որ երբեք չես հասնի հաղթական ավարտին, հիշի՛ր` դու գտնվում ես մարդկային մտածելակերպը աստվածայինի վերափոխման գործընթացի մեջ: Ինչպես համակարգիչները, այնպես էլ մեր միտքն է ծրագրավորված:

 

 

Ծննդյան պահից ի վեր՝ մեր միտքը նման է համակարգչի, որ մի ամբողջ կյանքի աղբ ունի իր մեջ ծրագրավորված: Բայց Աստված՝ միակ լավագույն Ծրագրավորողը, ամեն օր աշխատանք է տանում մեզ հետ, որպեսզի այնպես վերածրագրավորի մեր միտքը, որ այն համատեղելի լինի Իր հետ (տե՛ս Հռոմ. 12.2):

Երբ առաջընթացը դանդաղ է

Միտքը վերածրագրավորելը կամ նորոգելը քայլ առ քայլ արվող գործընթաց է: Ուստի չպետք է հուսահատվել, երբ առաջընթացը դանդաղ է թվում: Մի՛ ընկճվիր, երբ դժվար իրավիճակում ես հայտնվում կամ պարզապես վատ օր ես ունենում: Փոխարենը` կրկի՛ն կանգնիր, քեզ թա՛փ տուր ու սկսի՛ր նորից:

Երբ երեխան քայլել է սովորում, շատ հաճախ է վայր ընկնում, մինչև որ զարգացնում է  քայլելու կարողությունը: Բայց երեխան համառ է: Նա ընկնելուց հետո որոշ ժամանակ կարող է լաց լինել, բայց հետո կրկին կանգնել ու փորձել:

Մեր մտածելակերպը փոխել սովորելը նույն կերպ է աշխատում: Կլինեն օրեր, երբ  ամեն բան չէ, որ ճիշտ կգործենք: Կլինեն օրեր, երբ մեր մտածելակերպը բացասական կլինի: Բայց երբեք մի՛ դադարիր փորձել: Աստված մեզ աստիճանաբար բերում է Իր մտածելակերպին: Պարզապես չհանձնվե՛ս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon