Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Արա՛ դա վախենալով

Ջոյս Մայերը

Արա՛ դա վախենալով

Վախ: Այն քեզ համար երբևէ խնդիր եղե՞լ է: Արդյո՞ք այն քեզ ետ է պահել այնպիսի քայլեր անելուց, որոնք կհարստացնեին քո և շրջապատիդ կյանքը: Կա լուծում:

Քրիստոնեության օգտակար կողմերից մեկը` վախից ազատ լինելն է: Երբ մենք խուսափում ենք փոփոխությունից կամ հանդիպում ենք այնպիսի բաների, որոնց պատճառը ահն ու վախն է, պետք է հիշենք, որ Աստված խոստացել է գնալ մեր առջևից և հաղթական վայր առաջնորդել, եթե հնազանդվենք Իրեն:

Ինչպե՞ս պատրաստվել

Օրինակ, երբ աշխատանքի ընդունվելու համար գնում ենք հարցազրույցի, սխալ տպավորություն թողնելու և թափուր պաշտոնը կորցնելու վախի փոխարեն պետք է խնդրենք Տիրոջը, որ նախապատրաստի հարցազրույցը վարողների սիրտն ու միտքը և օգնի մեզ՝ լավագույնը ներկայանալ: Երբ Աստված նախապատրաստում է ճանապարհը, կարող ենք վստահ լինել, որ ինչ էլ պատահի, Աստված հօգուտ մեզ կօգտագործի՝ համաձայն մեր համար ունեցած Իր կատարյալ ծրագրի:

Աստվածաշունչը պատմում է Աբրամ անունով մարդու մասին, ով անկախ իր վախից՝ վստահեց Տիրոջը: «Հիմա՛…- ասաց Տերն Աբրամին, դո՛ւրս եկ քո երկրից, քո բարեկամներից ու քո հոր տնից ու գնա այն երկիրը, որը քեզ ցույց կտամ (Ծննդոց 12.1):

Ինչպե՞ս դառնալ անդիմադրելի

Ի՞նչ կզգայիր, եթե Տերն ասեր, որ լքես տունդ, ընտանիքդ ու այն ամենը, ինչ քեզ հարազատ է ու հարմար, և գնաս անհայտ ուղղությամբ: Վախո՞վ կլցվես: Սա հենց այն մարտահրավերն է, որին հանդիպեց Աբրամը, և այն վախեցրեց նրան: Բայց նրան ուղղված Աստծո Խոսքը հետևյալն էր. «Մի՛ վախեցիր»: Դա նույն ուղերձն էր, որ Նա տվեց Հեսուին, երբ կանչեց՝ առաջնորդելու Իսրայելի զավակներին դեպի Խոստմունքի երկիր՝ որպես ժառանգություն (տե՛ս Հեսու 1.6-9): Եվ բոլոր նրանց, ովքեր այսօր դուրս են եկել հետևելու Տիրոջը, Աստված ասում է. «Մի՛ վախեցիր»:

Էլիզաբեթ Էլիոտը, ում ամուսինը սպանվել է Էկվադորում չորս այլ միսիոներների հետ, ասում է, որ իր կյանքը վախով է կառավարվել: Ամեն անգամ, երբ նա ծառայության է դուրս եկել, վախը կանգնեցրել է իրեն: Հետո իր ընկերներից մեկն ինչ որ բան էր ասել իրեն, որն ազատ է արձակել վերջինիս: Նրա ընկերն ասել էր. «Ինչո՞ւ վախենալով չես անում դա»: Էլիզաբեթը լսել է խորհուրդն ու ընդունել: Ռեյչել Սեյնթի հետ միասին, որը սպանված միսիոներներից մեկի քույրն էր, Էլիզաբեթը գնում է  Էկվադորի հնդկական ցեղերին քարոզելու՝ ներառյալ այն մարդկանց, ովքեր սպանել էին իրենց սիրելիներին:

Շատ անգամ մենք սպասում ենք, որ մի բան անենք այն ժամանակ, երբ այլևս չենք վախենում: Բայց եթե այդպես վարվենք, մենք  շատ քիչ բան կհասցնենք իրականացնել Աստծո, ինքներս մեր ու մյուսների համար: Թե՛ Աբրամը, թե՛ Հեսուն, ստիպված էին քայլ անել հավատքով ու Աստծուն հնազանդվելով, որպեսզի անեին այն, ինչ Աստված էր իրենց ասել, նույնիսկ եթե վախենում էին:

Մի՛ փախիր

Ես հավատում եմ, որ «մի՛ վախեցիր» նշանակում է՝ «մի՛ փախիր»: Ուստի, վախի հարցերը լուծելը շատ պարզ է. մեր ծնկները դողացնելու ու վախին տեղ տալու փոխարեն մենք պետք է ամուր կանգնենք դրա դեմ՝ վստահ լինելով, որ Աստված գնում է մեր առջևից ու պատրաստել է ճանապարհը:

Սա ճիշտ այն է, ինչ Աստված կամենում է, որ անենք: Եթե նույնիսկ մեր բերանը ցամաքած է, ու մեր ծնկները դողում են, մենք պետք է շարունակենք խնդրել Աստծուն, որ զորացնի մեզ: Պետք է վճռենք, որ մեր կյանքն այլևս չպետք է վախը կառավարի, այլ՝ Աստծո Խոսքը:

Ինչպես տեսանք Ծննդոց գրքում, Աստված Աբրամին մեծ հրաման տվեց: Նա ասաց. «Հավաքվի՛ր ու լքի՛ր բոլոր նրանց, ում ճանաչում ես, և այն ամենը, ինչի մեջ հանգստանում ես, և գնա այնտեղ, որտեղ ցույց կտամ»: Եթե Աբրամի ծնկները ծալվեին վախից, նա երբեք չէր դառնա այն մեկը, ում Աստված ստեղծել էր. նա չէր դառնա ազգերի հայր:

Նույնկերպ, եթե Հեսուն չհաղթահարեր վախը, չհնազանդվեր Աստծո հրամանին ու չառաջնորդեր իր ժողովրդին դեպի Խոստմունքի երկիր, նրանք երբեք չէին վայելի այն ամենը, ինչ Աստված պատրաստել էր իրենց համար:

Վախին տեղ տալը կարող է փոխել Աստծո լավագույն ծրագիրը ձեր կյանքում: Ուստի, օգտագործի՛ր Աստծո Խոսքը, որպեսզի անես այն, ինչ Նա է կամենում, նույնիսկ եթե պետք է անես դա վախով. պարգևը մեծ կլինի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon